ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու լարի վրա խաղալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմը սրել է իրավիճակը նաև Հարավային Կովկասում, որտեղ երեք կովկասյան պետությունները, շունչները պահած, սպասում են, թե ի՞նչ հանգուցալուծում է ստանալու պատերազմը, ի՞նչ աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինելու, արդյո՞ք Ռուսաստանը կկորցնի, թե՞ ավելի կմեծացնի իր ազդեցությունը։ Ցանկացած դեպքում հստակ է, որ առնվազն մեր տարածաշրջանն այլևս նույնը չի լինելու, Հայաստանին ու իր հարևաններին լուրջ մարտահրավերներ են սպասվում։ 

Այս առումով առավել քան վճռորոշ է ՀՀ գործող վարչախմբի վարքը, թե ինչ դիրքորոշումներ կորդեգրի Նիկոլ Փաշինյանի վարչախումբը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ հարաբերություններում։ Փաշինյանն, ի դեպ, արդեն իսկ խաղում է երկու լարի վրա։ Փորձում է չընդդիմանալ Ռուսաստանին, նաև չվատացնել հարաբերությունները Արևմուտքի հետ։ Այս քաղաքականությունն, անշուշտ, վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ՝ հաշվի առնելով ՌԴ պաշտոնական շրջանակներից հնչող հայտարարությունները, թե իրենք հստակ և միանշանակ դիրքորոշում են սպասում գործընկերներից։ 

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, այդ հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը և Տիգրան Արզաքանցյանը:

Թերևս, մեկ-երկու բացառությամբ, բոլոր այս ուժերը լիովին տեղավորվում են ընդգծված արևմտամետ ունեցողների ցանկում, հայտնի են որպես Արևմուտքի ջերմեռանդ պաշտպաններ, բազմիցս քննադատել են ռուսական քաղաքականությունը։ Փաշինյանն, իհարկե, կարող էր հանդիպել այս ուժերի հետ առանց այդ մասին հրապարակավ տարփողելու։ Սակայն լուրը` լուսանկարներով համեմված, տեղադրվել է կառավարության պաշտոնական էջում, ինչը հստակ մեսիջ է նաև Արևմուտքին, թե գործող իշխանությունները խաղում են նաև արևմտյան դաշտում։ 

Ամեն դեպքում, ինչ-որ պահի այս վարքաբանությունը կարող են հիշեցնել Հայաստանին, արդեն պատերազմից հետո։

Էդգար Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular