ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չկողմնորոշված վարչախումբը․ չգիտեն՝ դե՞մ են, թե՞ ձեռնպահ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող վարչախումբը չի կարողանում կողմնորոշվել նաև ռուս-ուկրաինական պատերազմի հարցում։ Չգիտի, թե ինչպես արձագանքի կոնկրետ իրողություններին աշխարհաքաղաքական այն արագընթաց վայրիվերումներին, որ տեղի են ունենում մեր տարածաշրջանում ու աշխարհում։ Հայկական մամուլը վերջին օրերին գրում է, թե Նիկոլ Փաշինյանը կտրականապես արգելել է իր կուսակիցներին, հատկապես Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, որևէ կերպ արձագանքել ռուս-ուկրաինական պատերազմի թեմային։ Այս ամենը սակայն չի նշանակում, որ գործող իշխանությունը ստիպված է լինելու անընդհատ զերծ մնալ այդ մասին մեկնաբանություններ տալուց։ Ընդ որում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ասում և անում է մեկ բան, իսկ Արտաքին գործերի նախարարությունը բոլորովին հակառակ բան։

Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ քվեարկեց։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Ժնևում հանդես էր եկել Ուկրաինայում տիրող իրավիճակի հրատապ քննարկում անցկացնելու օգտին։ Խորհրդի 47 անդամներից կողմ են քվեարկել 29-ը, 5-ը՝ այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան դեմ, և 13-ը ձեռնպահ։ Զարմանալիորեն ձեռնպահ էր քվեարկել նաև Հայաստանը, որը ևս խորհրդի անդամ է։ Արտգործնախարարությունը ընդհանրապես փորձում է այս իրավիճակում պահել չեզոքությունը, հնարավորինս ձեռնպահ քվեարկել, որպեսզի չփչացնի հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ։

Միևնույն ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն արդեն բոլորովին այլ դիրքորոշում ունի։ Լայնածավալ հարձակումներից մեկ օր անց Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեն որոշեց կասեցնել կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացված լինելու իրավունքը։ Որոշման օգտին քվեարկել էր 42 պետություն և միայն 2 երկիր՝ Հայաստանն ու Ռուսաստանն են դեմ եղել։

«Միջազգային տարբեր հարթակներում քվեարկելիս՝ Հայաստանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ հարցը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծվի»,- երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Էդուարդ Աղաջանյանը։

Բարդ է ասել, թե կոնկրետ որ դիրքորոշումն է առավել օգտակար ստեղծված պայմաններում, Արարատ Միրզոյանի՞, թե՞ Էդուարդ Աղաջանյանի։ Փաստն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության երկու պատասխանատուները անում են իրարից լիովին անկախ քայլեր։ Իսկ դա շատ ավելի վտանգավոր է։ Չկողմնորոշված իշխանությունը ավելի մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։

Գարիկ Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular