ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լպիրշություն և խուլիգանություն` Փաշինյանի կատարմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լպիրշություն և խուլիգանություն. այս երկու բառերն են բնորոշում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի երեկվա արարքը Ազգային ժողովում։ Չունենալով բովանդակային որևէ ասելիք ընդդիմության փաստարկներին՝ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ և իրեն թույլ տվեց արտահայտություններ, որ դաստիարակված մարդը չի կարող անել ցանկացած պարագայում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին հացահատիկի վերաբերյալ. «Երբ հերթը հասնի հացահատիկին, Ռուսաստանը առաջին հերթին իր քաղաքացիներին է սպասարկելու։ Քանի որ հանձնել եք Արցախի 75 տոկոսը, թշնամուն թողել եք հացահատիկի պաշարները, ինչպե՞ս եք լուծելու այս հարցը»,- հարցրել է պատգամավորը։ 

Հունից դուրս եկած Փաշինյանը որևէ պատասխան չտվեց հացահատիկի վերաբերյալ, փոխարենը մի քանի րոպե շարունակ սկսեց բղավել՝ վիրավորանքներ հասցնելով, թե՛ պատգամավորին, թե՛ ընդդիմադիր երկու քաղաքական ուժերին։ Ավելին հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսել։

Երբ պատգամավորը, ինչպես նաև նրա գործընկերները փորձեցին տեղից սաստել Նիկոլ Փաշինյանին, կոչ անելով հանդարտվել և օրենսդիր մարմնի հետ խոսել հարգալից, Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես կորցրեց իրեն։ 

«Ձեր չափն իմացե՛ք, հերիք եղավ, բոլ եղավ, կուզեմ թափ կտամ մատ, պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ»,- լպիրշաբար հայտարարեց նա՝ հեռանալով ամբիոնից, իսկ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը փոխանակ դիտողություն անի իր կուսակցության ղեկավարին, սկսեց մեկը մյուսի ետևից հեռացնել «Հայաստան» դաշինքի պատգամավորներին և արագ-արագ փակեց նիստը։

Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, չէր ցանկանում խորհրդարանի ամբիոնից խոսել շատ ավելի կարևոր խնդիրների մասին, և այս լպիրշ ու խուլիգանական վարքագծով ընդամենը փորձեց սադրանք հրահրել և խուսափել այլ անցանկալի հարցերից, ինչպիսին, օրինակ, կարող էր լինել Ուկրաինայի վերաբերյալ Հայաստանի գործող իշխանությունների պաշտոնական դիրքորոշման մասին հարցը։

Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը ու նրա կողմնակիցները Ազգային ժողովը վերածում են «բեսեդկայի» և քաղաքական դիսկուրս ծավալելու փոխարեն հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ են անում խորհրդարանի ամբիոնից։

8-րդ գումարման Ազգային ժողովը բացառապես իշխող ուժի ջանքերով վերածվել է խայտառակ մի մարմնի, որը որևէ ընդհանրություն չունի «խորհրդարան» բառի հետ։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն սովոր են, որ իրենց երկիրը ղեկավարում է ոչ թե կիրթ, ամուր և դաստիարակված անձ, այլ լպիրշ մի արարած, որը մուրճի մասին հիշում է միայն ներքաղաքական հարցերում, իսկ արտաքին աշխարհի հետ հարաբերվում միայն կարկամած և վախվորած տոնով։

Ալեքսանդր Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular