ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրամի արժեզրկումը սպառնում է քաղաքացիների կենսամակարդակին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուս-ուկրաինական պատերազմը փոխելու է ոչ միայն մոլորակի և հատկապես մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունները, այլև շեշտակի տնտեսական վնասներ է հասցնելու գրեթե բոլոր երկրներին։ Հայաստանի Հանրապետությունն առայժմ չեզոք է մնում Ուկրաինայի հետ կապված քաղաքական հարցերում։ Արդյո՞ք այս հանգամանքը պայմանավորված է Ռուսաստանի հետ, թե Հայաստանն ինքնուրույն է գործում, բարդ է ասել։ Ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությանը դեռևս հաջողվում է անմասն մնալ արևմտյան երկրների ուղիղ տնտեսական պատժամիջոցներից, փոխարենը տնտեսական լրջագույն պատժամիջոցներ են ներդրվել ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկերներ Ռուսաստանի և Բելառուսի դեմ։
 
Ռուսական ռուբլին շեշտակի անկում է ապրել։ 1 դոլարը Ռուսաստանի տարբեր փոխանակման կետերում գնվում է 80-ից մինչև 110 ռուբլով, վաճառվում ՝ ոչ պակաս, քան 160 ռուբլով, ինչը նշանակում է, որ գների շոշափելի և կտրուկ աճ է սպասվում։ Հայկական դրամն առայժմ դիմադրում է։ Ըստ էության, պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում 1 դոլարը 480-ից դարձել է 500 դրամ։ Առաջին հայացքից տարբերությունն այնքան էլ մեծ չէ, սակայն ընդամենը 20 դրամի տատանումը այս մի քանի օրերի ընթացքում վկայում է, որ գների շոշափելի աճ լինելու է նաև Հայաստանում։
 
Ըստ էության, միայն այսօրվա դրությամբ կարելի է փաստել, որ տարեկան 5 տոկոս գնաճն ապահովված է, իսկ դա ծանրագույն ազդեցություն կունենա Հայաստանի բնակիչների կենսամակարդակի վրա։ Կենտրոնական բանկն առայժմ գործուն միջոցներ չի ձեռնարկում դրամի արժեզրկումը կանխելու ուղղությամբ։ Ըստ երևույթին շոշափելի միջոցներ կսկսվեն ներդրվել, երբ դրամի և դոլարի տատանումը շատ ավելի մեծ լինի։
 
Դրամի և ռուբլու արժեզրկումը վկայում է, որ առաջիկայում կբարձրանան բոլոր ապրանքների գները, այդ թվում գազի, սննդամթերքի, վառելիքի ցանկացած գին կարող է կտրուկ աճել, և առանց այն էլ արցախյան 44-օրյա պատերազմից հետո տնտեսապես ծանր վիճակում գտնվող Հայաստանը կհայտնվի նոր մարտահրավերների առջև։ Պատրաստ է արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը, պատրաստ է արդյո՞ք Հայաստանի գործող վարչախումբը, բոլորովին էլ հնարավոր չէ ասել։ Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունները փորձում են հնարավորինս հեռու մնալ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական բնույթի հարցերին պատասխանելուց։
 
Տարոն Ավանեսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular