ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ որոշ հանձնաժողովներ մատնված են անգործության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից անցել է արդեն ութ ամիս, և կարելի է փաստել, որ խորհրդարանի պատգամավորների մի զգալի մասն այդ ամբողջ ժամանակահատվածում պարզապես վատնել է հարկատուների միջոցները, իսկ նրանց աշխատանքը նույնիսկ խորհրդարանի կայքում անհնար է գտնել։ Հայաստանի Ազգային ժողովը 12 մշտական հանձնաժողովներ ունի, որոնք կոչված են զբաղվելու ոլորտային առանցքային խնդիրներով։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում տրամաբանական կլիներ, որ այդ մշտական հանձնաժողովներն անընդհատ նիստեր գումարեին, օրենքներ մշակեին, հաշվետվություններ պահանջեին գերատեսչություներից, կարճ ասած՝ աշխատեին։ Որոշ հանձնաժողովներ, ի դեպ, հենց այդպես էլ անում են։

Կան հանձնաժողովներ, որոնք տասնյակ և ավելի անգամներ նիստեր են գումարել, օրենքների նախագծեր մշակել։ Լավ, թե վատ, այլ հարց է։ Հայաստանի խորհրդարանի երեք առանցքային հանձնաժողովներ, որոնք, ի դեպ, պատասխանատու են արտաքին քաղաքական հարցերի համար, պարզապես մատնված են անգործության, իսկ դրանց ղեկավարներն ու անդամները ամեն ամիս զգալի գումարներ են ստանում պետական բյուջեից։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որ գլխավորում է կարկառուն ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը, ութ ամսում միայն չորս նիստ է գումարել։ Այս տարվա երկու ամիսների ընթացքում հանձնաժողովը միայն մեկ անգամ է նիստ գումարել։ Մինչդեռ աշխարհաքաղաքական բարդագույն պայմաններում ողջամիտ կլիներ, եթե հանձնաժողովն ամիսն առնվազն մեկ նիստ գումարած լիներ։

Մեկ այլ կարկառուն փաշինյանական՝ Արման Եղոյանն էլ գլխավորում է Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը։ Ութ ամսվա ընթացքում այս հանձնաժողովը միայն երկու նիստ է գումարել։ Առաջին նիստում հանձնաժողովի փոխնախագահ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մերի Գալստյանը, իսկ այս տարվա փետրվարին հանձնաժողովը երկրորդ նիստում միայն քննարկել է ԵՄ հետ հետազոտական մի համաձայնագրի վավերացման մասին հարցը։ Եղոյանն այս հանձնաժողովը գլխավորել է նաև ԱԺ 7-րդ գումարման ընթացքում, և այն նույնպիսի պարապուրդի է մատնված եղել։ Փոխարենը, Եղոյանը խրոխտ հաթաթաներ է տալիս ընդդիմությանը խորհրդարանի ամբիոնից։

Հանուն արդարության նշենք, որ ոչ պակաս անգործության է մատնված նաև Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որը գլխավորում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը։ Ութ ամսում այդ հանձնաժողովը չորս նիստ է գումարել, իսկ այս տարվա ընթացքում որևէ նիստ չի արել։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ են Հայաստանի պետական բյուջեից միջոցներ ծախսում այս հանձնաժողովները պահելու, հանձնաժողովների նախագահներին ավել աշխատավարձ և ծառայողական մեքենա տրամադրելու համար, եթե նրանց աշխատանքի ՕԳԳ-ն բացարձակ զրո է։ Ավելի ճիշտ կլիներ լուծարել այս հանձնաժողովները, բոլոր պատգամավորներին ուղարկել տուն, իսկ այդ գումարները ծախսել առավել կարևոր նպատակների համար։

Օնիկ Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular