ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղն է կերել մատաղը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սոցիալական ցանցերը երեկ «աղակալել էին»․ հայ օգտատերերը քննարկում էին ոչ թե Հայաստանի նորանշանակ նախագահին կամ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, այլ քննարկում էին աղը, սովորական կերակրի աղը։ Բանն այն է, որ Հայաստանի առողջապահության նախարարությունն առաջարկել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել:

Ըստ այդմ, հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնելը: Ավելին, հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա, առանց սպառողի պահանջի, աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի: Հանրային սննդի օբյեկտներում սեղանի վրա առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով: Իր անհեթեթ առաջարկը հիմնավորելու համար նախարարությունը նույնիսկ պատճառաբանել էր, թե այդկերպ կնվազեցնեն աղի օգտագործումը, թե օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13 տոկոսով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը:

Գաղտնիք չէ, որ հայերն ավանդաբար ավելի շատ են աղ օգտագործում, և աղի կիրառումը նվազեցնելու առավել լրջմիտ որոշումներ կարելի էր կայացնել, նաև անհեթեթ առաջարկներ անելուց առաջ հանրային իրազեկման արշավ իրականացնել։ Այլապես, այս առաջարկն էլ հանդիպելու է օգտատերերի բուռն քրքիջին և արհամարհանքին։

Հանրային սննդի որևէ օբյեկտ մուտք գործող մարդը կարող է իրեն «նեղություն» տալ, մատուցողից աղ պահանջել և նույնքան կամ ավելի շատ լցնել կերակրի վրա։ Այս առումով, լիովին արդարացված են վաղուց հումորի և ծաղրի աղբյուրի վերածված առողջապահության նախարարությանը հասցեագրվող հիշոցները։ Տարակուսելին, իհարկե, այս առաջարկի ներկայացման ժամանակն ու ձևն է։

Հայաստանի գործող իշխանությունները բազմիցս են շեղել հանրության ուշադրությունը կարևորագույն զարգացումներից, երկրի առջև ծառացած մարտահրավերներից նման պրիմիտիվ մեթոդներով։ Մեր հանրությունն էլ, թերևս, լիովին արժանի է իր դիլետանտ կառավարիչներին՝ կուտն ուտելու և նրանց թելադրած քարոզչական կեղտոտ ծուղակներն ընկնելու առումով։ Մնում է հասկանալ, թե ինչն էին փորձում շեղել Փաշինյանն ու իր վարչախումբը, և ինչու են պարբերաբար ծաղրի առարկա դարձնում պետությունը։ 

Արմեն Վարոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular