ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շարունակում է վերադասավորումներն ու իշխանազավթումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմը առժամանակ մի կողմ է թողել ներքաղաքական զարգացումները Հայաստանում։ Այդուհանդերձ հարկ է նշել, որ Հայաստանում ևս ներքին լուրջ պայքար է ընթանում քաղաքական ուժերի, նրանց դիրքավորումների, նաև հնարավորությունների ստեղծման առումով։ Փաստենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ առումով ամենաակտիվն է։

Հընթացս շեղելով հանրության ուշադրությունը՝ վարչախումբը փորձում է գրավել այլ հորիզոններ և հնարավորություններ, որպեսզի ընդդիմությանը և քաղաքացիական ակտիվ հանրությանը զրկի դիմադրելու ռեսուրսից։ Կարևորագույն գործընթացներ են ընթանում Վեդիում, նաև Վանաձորում, որտեղ ամիսներ շարունակ կալանավորված է քաղաքապետը և, այդ համատեքստում հարկ է նշել, որ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների զավթումը, թե՛ նաև սեփական կողմնակիցներին նոր պաշտոնների նշանակելը, հնարավոր անցանկալի տարրերից ազատվելը։

Այդպիսի գործընթացներ են ընթանում նաև Պաշտպանության նախարարությունում։ Օրեր առաջ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր հայտնել, որ իրենք նոր նշանակումներ են անելու, հրաժարվում են հատկապես այն գեներալների և գնդապետների ծառայություններից, որոնք ժամանակին հանդես էին գալիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը չունի Գլխավոր շտաբի պետ, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն առայժմ չի կողմնորոշվել, թե ում է նշանակելու այդ պաշտոնում։ Շտաբի պետի պարտականությունները կատարող Կամո Քոչունցը չի կարող դառնալ Գլխավոր շտաբի պետ, քանի որ Փաշինյանն ինքը դեմ է։ Այս պահին քննարկվող երկու թեկնածուները, թե՛ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, թե՛ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հստակ չգիտեն, թե իրենցից ով է նշանակվելու այդ պաշտոնում։

Ամեն դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է լոբբինգ անել, որպեսզի այդ պաշտոնում նշանակվի Անդրանիկ Փիլոյանը։ Վերջինս պատերազմի ընթացքում դրսևորել է իր բացառիկ հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին, կատարում է վերջինիս բոլոր քմահաճույքները, իսկ ԱԻՆ-ում նա ընդամենը արարողակարգային ֆիգուր է, որտեղ հիմնական հարցերը լուծում են առաջին փոխնախարարի մակարդակով։ Փիլոյանի նշանակումից հետո նաև կբացվի Արմեն Փամբուխչյանի ճանապարհը, վերջինս կկարողանա դառնալ ԱԻՆ նախարար։

Գրիգոր Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular