ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ զարգացումներ պետական դավաճանության գործով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտարարել է, թե բացահայտել և չեզոքացրել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանում և Արցախում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը։ Ըստ հաղորդագրության, այդ ցանցի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի պետական մարմինների որոշ աշխատակիցներ։

Նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են ընդհանուր թվով 16 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Ձերբակալվածներից մեկ տասնյակին կալանավորել են։ ԱԱԾ-ն նաև հայտնում է, թե պետական դավաճանություն կատարած անձանց մի մասը բռնվել է հերթական անգամ առաջադրանք կատարելու պահին, և ԱԱԾ աշխատակիցների կողմից կանխվել է տեղեկատվության հետագա փոխանցումը: Ազգային անվտանգության ծառայությունն արդեն որերորդ նման հաղորդագրությունն է տարածում այսօրինակ դեպքերով:

Նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ կասկածյալների ինքնությունը չի հաղորդվում, սակայն իշխանական մեդիան քարոզչական «բադիկներ» է նետում դաշտ՝ ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներ հասցեագրելով թե՛ նախկիններին, թե՛ Արցախի ու Հայաստանի ռազմական գործիչներին։

Բնավ ցանկություն չունենալով արդարացնել որևէ մեկին՝ հարկ ենք համարում շեշտել, որ այսպիսի քարոզչական հնարքները միայն մեկ նպատակ են հետապնդում՝ հանրության մեջ կասկած սերմանել, համոզել, թե փաշինյանական վարչախումբը որևէ կերպ մեղավոր չէ արցախյան 44-օրյա պատերազմում կրած պարտության համար։ Ի վերջո, կպարզվի՞, թե ովքեր են կասկածյալները, իրականում ի՞նչ ազդեցություն են ունեցել զինված ուժերում, որքանո՞վ է նրանց գործունեությունը վնաս հասցրել Հայաստանին և Արցախին։ Ոչինչ գաղտնի չի մնալու։ Սակայն ժամանակը այս դեպքում գործում է հօգուտ ապիկար իշխանությունների, որոնք անգամ տաշեղը փորձում են որպես գերան ներկայացնել, իսկ իրենց հրեշավոր անգործությունը, գործողությունները, վախկոտությունն ու դավաճանությունը փորձում են մաքրել կեղտոտ քարոզչությամբ։ Իսկ յուրաքանչյուր դավաճան պետք է անպայման բացահայտվի և պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, անկախ նրանից, թե ով է և ինչ ազդեցություն ունի։ 

Աշոտ Արշակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular