ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանը մեկնում է Անթալիա, իսկ Ռուբինյանը՝ ոչ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայում մարտի 11-ից 13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական երկրորդ ֆորումին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը բավական ուշագրավ երանգներ է ստանում։ Հիշեցնենք, որ Թուրքիան դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար հրավիրել է ոչ միայն արտգործնախարարին, այլ նաև հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։

Տևական ժամանակ խուսանավելուց, տեղեկություններ չհաստատելուց հետո, նախօրեին արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատեց, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանը ներկայացնելու է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մեր տեղեկություններով՝ Ռուբեն Ռուբինյանը չի մասնակցելու ֆորումին։ Թեև տեղեկություններ կային, որ այդտեղ է լինելու ոչ միայն Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքիայի արտգործնախարարը, այլ նաև հայ-թուրքական բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ և Չավուշօղլուի ամենամերձավոր զինակից՝ Սերդար Քըլըչը։

Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Թանժու Բիլիչը, դրական էր գնահատել Արարատ Միրզոյանի մասնակցությունը դիվանագիտական ֆորումին, նշել, որ դա դրական կազդի երկու երկրների հարաբերությունների վրա։ Ֆորումին մասնակցելու են ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները, այլ նաև Ուկրաինայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի արտգործնախարարները, և, ըստ երևույթին, Արարատ Միրզոյանը այնտեղ կհանդիպի նաև գործընկերների հետ և կքննարկի երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր։

Տարօրինակը այս ամենում Ռուբեն Ռուբինյանի բացակայությունն է։ Թերևս աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումների ֆոնին, Հայաստանի իշխանությունը չի փորձում ևս մեկ հանդիպում, այն էլ թուրքական հողի վրա կազմակերպել Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների միջև։

Հիշեցնենք, որ նախորդ երկու հանդիպումները կայացել են Մոսկվայում և Վիեննայում, որից հետո թուրքերն առաջարկել են հանդիպումներն անցկացնել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում։ Առայժմ հայտնի չէ, թե որն է Ռուբինյանի չմասնակցելու պատճառը։ Միգուցե Հայաստանը ցանկանում է հաջորդ հանդիպումը կազմակերպել հենց Երևանում, որպեսզի կարողանա հանրությանը համոզել, թե հայկական կողմը սեփական օրակարգով է շարժվում այս հայ-թուրքական բանակցություններում, այլ ոչ թուրքական պարտադրանքով։

Մանվել Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular