ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախմբի ապիկարությունը կարող է խնդիրներ հարուցել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն բանից հետո, երբ Հայաստանում ակտիվ շարժում սկսվեց ռուսական ընկերություններին Հայաստան հրավիրելու, այստեղ գրանցվելու, աշխատելու՝ պատժամիջոցներից խուսափելու համար, գործող իշխանությունն ինքը սկսեց հանդես գալ նման հրապարակային առաջարկներով։ Առաջարկն անողը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր, ով առանց Նիկոլ Փաշինյանի նույնիսկ քիթ սրբելու իրավասություն չունի։ Հիշենք թեկուզ ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանը, երբ Փաշինյանը հայտարարեց, թե ինքն է արգելել Քերոբյանին հրաժարական տալ։ Փաստացի, Քերոբյանի այս հայտարարությունը թելադրված էր անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ 

Նախարարի այս արտահայտությունը, բնականաբար, չէր կարող անտեսվել Արևմուտքի կողմից։ Ըստ հավաստի աղբյուրների՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, անձամբ դեսպան Լին Թրեյսին, զանգահարում է հայկական ընկերություններին, որոնք հանդիսանում են գործընկերներ ամերիկյան բիզնեսի հետ, կամ ամերիկյան կապիտալ ունեն և դժգոհություն հայտնում գործող վարչախմբի վարքից։ Դեսպանատնից զգուշացնում են, որ նման քայլերը կարող են դիտարկվել որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելուն նպաստող գործողություններ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սա խնդիր կարող է հարուցել ոչ միայն բիզնեսի, այլև հանրապետության համար։ 

Ամերիկացիները սկսել են լուրջ ճնշում բանեցնել նաև իշխանությունների վրա։ Այն, ինչ պիտի լիներ ժողովրդական կամ գործարար դիվանագիտության մակարդակով՝ ռուսական կապիտալը, ռեսուրսներն ու կադրերին Հայաստան բերելու հարցում, այն, ինչը պիտի աներ հասարակական սեկտորը, բիզնեսը, անում է ապիկար իշխանությունը՝ բացառապես պոպուլիստական նկատառումներով, հանրության շրջանում քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով։ Փաշինյանական իշխանության պոպուլիստական վարքի պատճառով Հայաստանը լուրջ խնդրի առջև կկանգնի։ 

Իհարկե, նորմալ է և ողջամիտ, որ յուրաքանչյուր երկիր փորձում է  ադապտացվել նոր իրողություններին, հնարավորություններ ստանալ ճգնաժամից, սակայն միայն մեղսունակ և ճգնաժամային կառավարումից գլուխ հանող իշխանությունը կարող է օգուտ բերել երկրին։ Մինչդեռ Փաշինյանի վարչախմբի արածը հակառակ արդյունքն է տալիս՝ հարվածի տակ դնելով երկիրը։ Հայաստանի դեմ հնարավոր ցանկացած պատժամիջոցի միակ մեղավորն ու միակ պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած բազմությունը։

Կարեն Ղարիբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular