ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը՝ պարենային սպառնալիքի առջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը կանգնելու է պարենային անվտանգության լուրջ խնդիրների առջև։ Ընդհանրապես հացահատիկի հետ կապված խնդիրները միայն Հայաստանի Հանրապետությանը չեն բնորոշ։ Գերմանական Կոմերցբանկի վերլուծաբան Կիրստեն Ֆրիչը հայտարարել է, թե ողջ աշխարհն է բախվելու գլոբալ սովի հետ շուկայում ռուսական հացահատիկի բացակայության պատճառով։ Ռուս-ուկրաինական պատերազմը և Ռուսաստանի դեմ ներդրվող պատժամիջոցները լրջագույն խնդիրներ են հարուցելու ոչ միայն քաղաքական առումով, այլ նույնիսկ կարող են բազմաթիվ երկրների սովի մատնել։ Ռուսաստանն ու Ուկրաինան ապահովում են համաշխարհային հացահատիկի առաքումների 30 տոկոսը, այդ երկու երկրների միջև պատերազմը կտրել է առաքումների ամբողջ ցանցը և, բազմաթիվ երկրներ, որոնք հացահատիկ են ներկրում այդ երկրներից այժմ կանգնել են թե՛ ցորենի առաքումների շղթայի խախտման, թե՛ առաջիկայում հացամթերքի գլոբալ թանկացման առջև։ Իրավիճակը կրկնակի բարդանում է Հայաստանի Հանրապետության համար։

Մինչև արցախյան 44-օրյա պատերազմը Հայաստանը իր հացահատիկի մի զգալի մասը աճեցնում էր Արցախում և իր կարիքների մեծ մասի համար օգտագործում էր Արցախում աճեցված հացահատիկը։ Պատերազմից հետո բոլոր բերրի տարածքները հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դեռ նախքան ռուս-ուկրաինական պատերազմը, բազմաթիվ վերլուծաբաններ նշում էին, որ Հայաստանը պարենային անվտանգության սպառնալիքների առջև է, իսկ այժմ Ռուսաստանից մատակարարների խախտման կամ հացահատիկի գնի թանկացման հետևանքով ընդհանրապես ծանրագույն իրավիճակ է ստեղծվելու։

Հայաստանի Ազգային ժողովում ընդիմությունը տևական ժամանակ բարձրացնում է այդ խնդիրները, փորձում իշխանությունից ստանալ պարզաբանումներ, թե ի՞նչ է արել փաշինյանական վարչախումբը Հայաստանին սպառնացող այդ խոշոր վտանգի դեմ։ Նիկոլ Փաշինյանն ու իր սպասարկուները ոչ միայն չեն պատասխանում ընդդիմությանը, այլև ընդհակառակը փորձում են վիճաբանությամբ և կռիվներով սվաղել իրավիճակը։ Մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը հարուցեց շատերի զարմանքը, թե պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին Նիկոլ Փաշինյանը հանկարծակի դուրս եկավ հունից և սկսեց վիրավորական արտահայտություններ անել ընդդիմության հասցեին։

«Ինչքան կուզեմ մատ թափ կտամ պետք լինի՝ ուրիշ բան էլ կանեմ»,- ամբիոնից հոխորտաց Փաշինյանը և այդպես էլ որևէ կապակցված ու ողջամիտ պարզաբանում չներկայացրեց հացահատիկի հարցով։ Փաստացի, վարչախումբը չունի ռազմավարություն այս հարցում, և Հայաստանի քաղաքացիներն առաջիկայում բախվելու են պարենային լուրջ ճգնաժամի հետ։

Ալբերտ Տիգրանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular