ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհեթեթության շքերթ՝ վարչախմբի կատարմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները վաղուց գերազանցել են իրենց նախորդներին անհեթեթ հայտարարությունների տարափով։ Վերջին ամենաակնառու դեպքը Հայաստանի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և կերակրի աղի պատմությունն է։ Հայաստանյան ռեստորաններից աղամանները հեռացնելու աղմկահարույց և ծիծաղաշարժ օրենքը օրեր շարունակ դարձել էր ծաղրի առարկա հանրության և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Առողջապահության նախարարությունը այդպիսի արձագանքից հետո շատ ավելի խելացի կարող էր գտնվել և չշարունակել այդ անհեթեթության տիրաժավորումը։ Ընդհակառակը, Առողջապահության նախարարը երեկ գերազանցել է ոչ միայն ինքն իրեն, այլ նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության ցանկացած ներկայացուցչի։

«Ուրախ եմ, որ քաղաքացիները բուռն քննարկում են այս թեման, խնդիրն այն է, որ մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, որը հանգեցնում է քրոնիկական հիվանդությունների սրացմանը, ուզում ենք մեր քաղաքացիների սովորությունների մեջ որոշակի փոփոխություն մտցնենք»,- ասել է նախարարը և ցնցող արտահայտություն արել, թե մարդիկ առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում։

Ամենևին չենք հերքում, որ աղի ավելորդ կիրառումը վտանգավոր է քաղաքացիների համար։ Առողջապահության նախարարությունը աղի կիրառումը նվազեցնելու շատ ավելի արդյունավետ և խելացի միջոցներ ուներ՝ սոցիալական գովազդի, քարոզչության, բժիշկների միջոցով հանրությանը բացատրելու, որ աղի չափից դուրս կիրառումը վտանգավոր է առողջության համար։ Փոխարենը Անահիտ Ավանեսյանը ամոթանք է տալիս մարդկանց, որ առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում։

Այս նախաձեռնությունը լրջագույն խնդիր է հարուցելու բոլոր ռեստորանների, հանրային սննդի օբյեկտների համար։ Առողջապահության նախարարությունը միայն այժմ է մտադիր աղի օգտագործման թեմայով քննարկումներ անցկացնել ռեստորանների ներկայացուցիչների, սպառողների շահերը պաշտպանողների և սննդաբանների հետ։ Հայաստանի հայտնի սննդաբաններն իրենք են ծաղրում Առողջապահության նախարարության այս նախաձեռնությունը։ Իսկ մենք մեր կողմից Առողջապահության նախարարությանը առաջարկենք կանգ չառնել, հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը կարող է, օրինակ, լինել կոշիկի քուղերը ճիշտ կապելու օրինագիծը։ Թե չէ, ինչի՞ նման է, որ մարդիկ առանց ամաչելու քուղերը կապում են, ոնց խելքները կբրդի, իսկ սխալ կապողներին Անահիտ Ավանեսյանը կարող է տուգանել։ Բյուջեն, ի վերջո, լցնել է պետք։ 

Գարիկ Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular