ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավթաշենում հարբած վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել երիտասարդ հայտնի երաժիշտներին, որոնցից մեկը մահացել է

ԻՐԱՎՈՒՆՔ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Գալստյանի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ 26-ամյա Կարեն Գալստյանը 2016 թվականի ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության վարչական գործունեության բաժնի պետի որոշմամբ 1 տարով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2016 թվականի օգոստոսի 6-ի կեսգիշերին ալկոհոլ օգտագործած վիճակում իրեն վստահված «Մերսեդես» մեքենայով խախտել է երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի պահանջները, հարբած երթևեկել է Երևանի Եղվարդի խճուղու կողմից Տ. Պետրոսյան փողոցով դեպի Փիրումյան փողոց:

Հասնելով Դավթաշեն 4-րդ թաղամասի 11-րդ շենքի դիմաց՝ Կարեն Գալստյանը առանց արգելակման ընդհարվել է մայթեզրի մոտ կայանված «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենային, ապա դուրս է եկել երթևեկելի մասից, ընդհարվել է երթուղային տրանսպորտի ցուցանակին, դրանից հետո էլ վրաերթի է ենթարկել մայթին կանգնած երկու երիտասարդների՝ 35-ամյա Կարեն Կարապետյանին ու 30-ամյա Կարո Ժամխարյանին:

Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ գիշերվա ժամը 1-ին, առանց գիտակցության գալու, Կարո Ժամխարյանը մահացել է:

Կարեն Կարապետյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:

Կարո Ժամխարյանն ու Կարեն Կարապետյանը ոստիկանության զորամասի նվագախմբի երաժիշտներ էին:

Նույն օրը Կարեն Գալստյանը արգելանքի տակ է վերցվել:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ և 243.1 հոդվածի 2-րդ մասերով:

Ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Գալստյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժող Կարեն Կարապետյանն ու տուժողի իրավահաջորդը չեն առարկել արագացված ընթացակարգ կիրառելու դեմ:

Տուժողի իրավահաջորդը խնդրել է Կարեն Գալստյանի նկատմամբ նշանակել խիստ պատիժ:

Կարեն Գալստյանն աշխատել է «Մեգա ֆուդ» ՍՊԸ-ում՝ որպես պրեսելլեր:

Դատարանը հաշվի է առել, որ Կարեն Գալստյանը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում ու, մեկ տարով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, նստել է մեքենայի ղեկին, թույլ է տվել խախտումներ, որոնք առավել հավանական են դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացումը, ինչը վկայում է ամբաստանյալի անձի ու նրա կատարած արարքի՝ հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Դատարանը եզրակացրել է, որ Կարեն Գալստյանի ալկոհոլային հարբածության վիճակը հանդիսացել է նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելուն նպաստող պայման, նա հանցավոր արարքը կատարել է հանցավոր ինքնավստահությամբ:

Դատարանը հաշվի է առել նաև, որ ամբաստանյալը դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարածի համար:

Կարեն Գալստյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար ու դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի օգոստոսի 6-ից:

5696

5695

5690

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular