ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չարագուշակ զարգացումներ արցախյան ուղղությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմի և տարածաշրջանում եռացող աշխարհաքաղաքական ծանր իրողությունների պայմաններում ավելի ու ավելի չարագուշակ են դառնում վերլուծաբանների կարծիքները, որ մոտ ապագայում ռազմական գործողություններ, ընդհուպ պատերազմ, կարող է սկսվել նաև Հայաստանի և Արցախի տարածքում։ Ադրբեջանը մի քանի օր շարունակում է հրաձգային զինատեսակներով, ականանետերով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը նաև ամեն օր տարատեսակ ապատեղեկատվություններ է տարածում, թե իբր հայկական կողմն է խախտում հրադադարը և իրենք ստիպված են պատասխանել։ Արցախի պաշտպանության բանակը հերքում է բոլոր այս տեղեկությունները, սակայն ռեսուրսների անբավարարության պատճառով այդ հերքումներն առանձնակի ուշադրության չեն արժանանում միջազգային հանրության կողմից, իսկ Ադրբեջանը իր և Թուրքիայի ունեցած բոլոր ռեսուրսներն օգտագործում է տպավորություններ ստեղծելու, թե հարկադրված է լինելու ուժ կիրառել Հայաստանի դեմ։

Արցախում ավելանում են հումանիտար խնդիրները, արդեն հինգերորդ օրն է հարյուր հազարից ավելի մարդիկ զրկված են գազից, ընդ որում ցուրտ եղանակի՝ մինուսային ջերմաստիճանի պայմաններում Հայաստանից Արցախ միակ գազատար խողովակի վնասումը լրջագույն խնդիրներ է ստեղծել մարդկանց համար, շատերը ստիպված են լինելու իրենց ընտանիքները շուտափույթ հեռացնել Արցախից, տեղափոխել Հայաստան, կամ այլ երկրներ, որպեսզի կարողանան գոյատևել, իսկ Հայաստանի իշխանություններն այդ ընթացքում բացարձակապես ոչինչ չեն ձեռնարկում այդ մարդկանց համար։

Մեկ այլ կարևոր իրողություն, որ տեղի ունեցավ այս օրերին Իրանի և Ադրբեջանի պայմանավորվածությունն է. Հայաստանի հարևան երկու պետությունները պայմանավորվել են կառուցել ավտոմոբիլային երկաթգծի 55 կմ երկարությամբ ճանապարհ, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ Իրանի տարածքով շրջանցելով Հայաստանը։ Ըստ էության, սա նշանակում է, որ խաղաղության դարաշրջանի մասին փաշինյանական ճամարտակությունները այլևս առ ոչինչ են, Ադրբեջանը ինքն է միակողմանի չեղարկում այդ խաղաղության դարաշրջանը և ուժեր կենտրոնացնում Հայաստանի և Արցախի հետ սահմանին։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն այս օրերին նշում են, որ մի քանի օրվա ընթացքում կարող է պատերազմ սկսվել։ Ճիշտ է Ադրբեջանը հերքում է, սակայն այդ հերքումները վաղուց այլևս որևէ հավատ չեն ներշնչում անգամ Ադրբեջանում, ուր մնաց՝ թշնամի երկրում։ Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Արցախի և Հայաստանի հարավային սահմանների վրա նոր պատերազմի վտանգ է կախված։ Նախօրեին էլ Հայաստանի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանն էր հայտնել, որ առաջիկայում ռազմական գործողություններ կարող են սկսվել Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ։ Հայաստանի գործող իշխանությունները այդպես էլ չեն պատրաստվել հնարավոր որևէ սրացման, և նոր պատերազմը խայտառակ ծանր իրավիճակ է ստեղծելու հայ ժողովրդի համար։ 

Գոռ Երիցյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular