ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահները չեն մասնակցել գրպանային նախագահի երդմնակալությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այժմ այլևս նախարար չունի։ Հայաստանի 5-րդ նախագահ է դարձել Վահագն Խաչատուրյանը, որը երեկ պաշտոնապես ստանձնել է իր լիազորությունները։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կեսօրին Ազգային ժողովի հատուկ նիստ է կայացել, որտեղ Վահագն Խաչատուրյանը ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը, երդվել հավատարիմ լինել սահմանադրությանը, լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցչի երդմնակալության արարողությանը չեն մասնակցել ոչ միայն խորհրդարանական ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, այլ նաև Հայաստանի Հանրապետության նախկին չորս նախագահները։ Չի մասնակցել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, չի մասնակցել նաև Արմեն Սարգսյանը։

Հունվարի 23-ին հրաժարական ներկայացրած Արմեն Սարգսյանն ընդամենը օրեր առաջ շնորհավորում էր Վահագն Խաչատուրյանին ընտրվելու կապակցությամբ, խոստանում իր ուժերի ներածին չափով զորավիգ լինել նրան՝ իր առջև դրված պարտականությունները կատարելու համար։ Փոխարենը երեկ նա չի ներկայացել հանդիսավոր նիստին՝ այդկերպ իր արհամարհանքը ցուցադրելով Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ։ Իհարկե, իշխանական քարոզչամեքենան այս որոշումից հետո, նախկին նախագահներին մեղադրում էր նախագահի ինստիտուտը արհամարհելու և հակապետական գործունեության մեջ։

Ավելի քան անլուրջ է նման մոտեցումը, ընդհակառակը, Հայաստանի նախկին 4 նախագահներն էլ, չմասնակցելով 5-րդ նախագահի երդմնակալության արարողությանը, ցույց են տվել իրենց իրական վերաբերմունքը և իրենց գնահատանքը նախագահի ինստիտուտին։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լիարժեք նախագահ էին և ունեին լիազորությունների մեծ շրջանակ, Արմեն Սարգսյանն ընդամենը խեղաթյուրված սահմանադրությամբ փորձեց լուծել երկրի առջև խնդիրները, սակայն վերջում հրաժարական տվեց՝ նշելով, որ չունի բավարար լիազորություններ, որպեսզի կարողանա իրականացնել իր պարտականությունը։ Վահագն Խաչատուրյանը, փաստացի, ոչ թե Հայաստանի 5-րդ նախագահն է, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական գրպանային նախագահը և իր քայլերով առաջնորդվելու է միայն գործող իշխանության շահերով, ուրիշ՝ ոչինչ։ 

Սամվել Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular