ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը հրահրում է պարենային սպառնալիքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չնայած պետական գերատեսչությունները շարունակում են պնդել, որ Հայաստանում որևէ ապրանքի դեֆիցիտ չկա, քաղաքացիները շարունակում են մեծ ծավալներով գնել հիմնական պարենային ապրանքները՝ ալյուր, ձեթ, շաքարավազ, մակարոնեղեն։ Այս օրերին առաջատար սուպերմարկետներ մտնող մարդիկ կարող են տեսնել, որ այդ ապրանքները դրված են հենց առաջին շարքերում, որպեսզի գրգռեն քաղաքացիներին և ստիպեն նրանց գնելու դրանք։ Մինչ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պնդում է, թե Հայաստանում որևէ գնաճ չկա, իսկ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, թե Ռուսաստանը որևէ սահմանափակում չի դրել Հայաստանի վրա և, ընդհակառակը, Հայաստանը կարող է ստանալ իր բոլոր քվոտաներով նախատեսված սննդամթերքը, Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխները կարողացան մեկ-երկու ժամվա ընթացքում այնպիսի խուճապի մատնել հանրությանը, որ մարդիկ ստիպված էին ահռելի քանակությամբ սննդամթերք գնել՝ այդպիսով գների շեշտակի աճ հարուցելով։

Առաջին անհրաժեշտության այս կարևոր սննդամթերքների գներն այդպես էլ չեն նվազել, որևէ նվազում չի լինելու, թեև «Երևան-Սիթի» սուպերմարկետների սեփականատեր Սամվել Ալեքսանյանը նախագահի երդմնակալության արարողության ժամանակ հայտարարում էր, թե իր ցանցում գնաճ չկա, ըստ էության, արձանագրենք, որ նա, մեղմ ասած, կոծկում էր իրականությունը։

Թանկացել է ամեն ինչ, ոչ միայն վերը նշված սննդամթերքը։ Առաջիկա օրերին լուրջ թանկացումներ ևս սպասվում են։ Ռուսաստանի մատակարարների շղթան ռուս-ուկրաինական պատերազմի և արևմտյան պատժամիջոցների հետևանքով լրջորեն խախտվել է, գործարարները ստիպված են լինելու ոչ միայն տեղում իրացնել իրենց ապրանքը, ավելի շատ Ռուսաստանի բնակչության շրջանում, այլ նաև ավելացնել դրանց գները Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների շրջանում։ Արդյունքում տուժելու է Հայաստանի Հանրապետության բնակչությունը, որը փորձում է ունեցած վերջին գրոշներով պայքարել սովի և տնտեսական անկման դեմ։

Թե ի՞նչ է անում փաշինյանական իշխանությունը բացարձակապես իմաստ չկա ասելու։ Հայաստանի քաղաքացիները վաղուց արդեն հասկացել են, որ գործող վարչախմբի վրա որևէ հույս դնելն իմաստ չունի և, ընդհակառակը, իրենց վարքագիծը պայմանավորվում է նրանով, թե ի՞նչ է ասում փաշինյանական իշխանության որևէ ներկայացուցիչ, և անում են հակառակը։ Իսկ մինչ այդ շարունակում ենք պնդել, խնդրել, հորդորել մեր քաղաքացիներին. «Ձգե՛ք ձեր գոտիները, հավաքեք ձեր խնայողությունները, պատրաստ եղեք վատթարագույն տնտեսական զարգացումների, դրանք սարերի ետևում չեն»։

Ալեքսանդր Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular