ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեր-Պետրոսյանը թերթիկը արհամարհական սեղանին նետեց ու ասաց, որ դատարան է դիմելու. Հրանտ Խաչատրյանն անցյալից նոր բացահայտումներ է անում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեռևս 1992 թվականին Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշում է ընդունել, որով անընդունելի է համարվում միջազգային կամ  ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Այս որոշումը պարտադիր է Հայաստանի բոլոր պաշտոնյաների համար և չկա ոչ մի բացառություն:

Որոշումն իրականում շատ մեծ դեր կարող է ունենալ Արցախի հարցի կարգավորման շրջանակներում ցանկացած փաստաթուղթ ստորագրելիս, եթե, իհարկե, ՀՀ ներկայիս իշխանությունները տեղյակ են դրա գոյությանը:

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է Հայաստանի Գերագույն խորհրդի, Հայաստանի Ազգային ժողովի երկրորդ և երրորդ  գումարումների պատգամավոր, քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանի հետ.

«Այն ժամանակ գործընթացը շատ պարզ էր՝ օրակարգից հանում էին Արցախի ինքնորոշման ճանապարհով Հայաստանի վերամիավորման հարցը՝ տեղը շատ բացահայտ փոխարինող անորակ, կեղծ դրույթ առաջ քաշելով: Ուղղակի չեմ ուզում կոնկրետ բառերով ասել, որովհետև նույնիսկ ինձ համար վիրավորական է Արցախի հետ կապված այդ բառերն օգտագործելը:

Առաջիններից մեկն այդ տրամադրություններին արձագանքեց մեր կուսակցությունը՝ ՍԻՄ-ի նախագահության կարճ հայտարարությամբ, որի տպագիր տեքստը բաժանեցի ԳԽ նախագահության առաջիկա նիստի մասնակիցներին՝  նիստը սկսելուց առաջ։ Կես էջի վրա ասում էինք, որ մեզ համար անընդունելի է ՀՀ ներկայացնող առաջին դեմքի անունից նման վրիպակը, երբ նա արտասահմանյան լրագրողների առջև ասում է․ «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը»։ Բոլորը կարդացին ու լռեցին։ Տեր-Պետրոսյանը թերթիկը արհամարհական սեղանին նետեց ու ասաց, որ դատարան է դիմելու, եթե ես շարունակեմ այդ զրպարտութունը տարածել։ Իմ պահանջով հարցը օրակարգ չմտավ։ Ընդմիջման ժամանակ միջանցքում «բանավեճը» շարունակվեց դեմ առ դեմ։ Ներկա էր միայն լուսահոգի պատգամավոր Սարգիս Մուրադյանը։ Լևոնը սպառնաց, որ եթե դատարանը լուրջ չընդունեմ, իրենք այլ միջոցներ ունեն իմ նկատմամբ կիրառելու։ Իմ հակադարձելուց հետո, որ իմ ձեռքն էլ քարի տակ չէ, ավելի լավ է պայմանավորվենք՝ նա սթափվեց, իսկ լրիվ հանգստացավ, երբ ցույց տվեցի Մոսկվայից մեզ ուղարկած ասուլիսի ձայներիզի ծայրը։ Արձագանքի սրությունից հասկացանք խնդրի լրջությունը ու ավելի մեծ եռանդով շարունակեցինք մինչև հայտնի որոշման ընդունումը։

Դրանից հետո արդեն շատ լուրջ ներքին խոսակցություններ էին լինում ՀՀՇ-ի տարբեր մակարդակների անդամների, կոմունիստների հետ: Երբ արդեն բացահայտ դարձավ վտանգը, որ մեր ինքնորոշումը ոչ այլ ինչ է լինելու, քան ինքնավարությունն Ադրբեջանի կազմում, խմորումներ սկսվեցին խորհրդարանում  ներկայացված այն ժամանակվա մեծամասնության մեջ:  Բնական է, արդեն մեր կուսակցությունը մենակ չէր այդ ուղղությամբ աշխատում, Խորհրդարանում էլ էր խումբ ստեղծվել: Խմորումների արդյունքում դեռ չտրոհված ՀՀՇ-ն պաշտպանեց մեր՝ պայմանականորեն անկախական-ազգայնականներիս տեսակետը, և այդ որոշումը մտավ օրակարգ ու քվերակվեց:

Հիմա նոր է շատերի կողմից այդ ամենն ընկալվում որպես անկախ Հայաստանի տակ դրված դանդաղ գործողության ական: Այն ժամանակ ՀՀՇ-ից տրոհված ԱԺՄ-ն շարունակեց մնալ ԼՂՀ-ի գաղափարն առաջ տանելու ակոսի մեջ, ու, մինչև հիմա էլ, չնայած ԱԺՄ-ն արդեն վաղուց ազդեցիկ կուսակցություն չէ, նրանց բարձրախոսներից դեռ չենք լսել, որ ճիշտ ճանապարհը եղել է վերամիավորված Հայաստանի ճանաչումը հետապնդելը»:

Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ ՀՀ ներկայիս իշխանությունները տեղյա՞կ են այդ որոշման գոյությանը և արդյոք հաշվի կառնե՞ն այն որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ, Խաչատրյանը պատասխանեց.

«Իհարկե ոչ, նրանք արդեն ամեն ինչ են անտեսում, ոչ միայն այս փաստաթուղթը: Ես չեմ էլ ուզում ասել՝ մեր իշխանությունները, որովհետև այս իշխանությունները մեզ հետ որևէ կապ արդեն չունեն, որովհետև իրենց բոլոր հայտարարությունները, խոստումներն են խախտել: Ինչ-ինչ, բայց գոնե այս հարցը ենթակա է հանրաքվեի, ընդ որում՝ ոչ միայն Արցախում, այլ միավորված Հայաստանի տարածքում, որովհետև Արցախը հիմա ինքնուրույն որևէ ժողովրդավարական միջոցառում մի կարող անցկացնել, բայց մեզ հետ միասին կարող է գոտեպնդվել ու մասնակցել հանրաքվեին: Ի՞նչ է, չե՞ն տեսնում, որ Ադրբեջանը արդեն երեք տասնամյակ պնդում է, որ իր պետության մասշտաբով Արցախի մասնակցությամբ հանրաքվեով պետք է որոշվի այս հարցը: Մենք այնքան հիմար ենք, որ Ադրբեջանի դրական օրինա՞կն էլ չենք կարողանում վերցնել»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular