ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես այս ժամանակահատվածում չեմ պատկերացնում Արցախի գոյությունն առանց ռուս խաղաղապահների. Թագուհի Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթն իր մարտի 15-ի համարում գրել էր, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մի շարք հարցեր է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ակնկալում է այդ հարցերի պատասխանը հրապարակային, որպեսզի ժողովրդի թիկունքում որոշումներ չկայացվեն, ինչպես եղավ նոյեմբերի 9-ին, երբ միանձնյա որոշմամբ կառավարության ղեկավարը փաստի առաջ կանգնեցրեց բոլորին՝ խաղաղ պայմաններում հանձնելով Քարվաճառը, Սյունիքից որոշ հատվածներ եւ այլն:

1or.am-ն առաջարկել է Թովմասյանին անձամբ պատասխանել իր հարցադրումներին և ներկայացնել, թե ինչ պատասխաններ է ակնկալում Փաշինյանից:

Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատկերացնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության եւ միմյանց քաղաքական անկախության ճանաչման սկզբունքի իրականացումը՝ Արցախո՞վ, թե՞ առանց Արցախի, եւ ի՞նչ սահմաններով:

«Եթե Արցախն իրենք թողնելու են Ադրբեջանի կազմում, այստեղ համայն հայությունը պետք է իր տեսակետն արտահայտի, որովհետեւ մենք տարիների զրկանքներով պահպանել ենք հայկական երկրորդ հանրապետությունը՝ տալով զոհեր, վիրավորներ, ներդրումներ արել, համայն հայության միջոցներով Արցախ ենք կառուցել եւ շենացրել: Բնականաբար, Արցախն Ադրբեջանին նվիրաբերելը երբեք չի կարող լինել, դա մենք չենք կարող հանդուրժել, եւ հասարակությունը պետք է իր վերաբերմունքն արտահայտի»:

Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում ի՞նչ է սպասվում Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելությանը:

«Ես այս ժամանակահատվածում չեմ պատկերացնում Արցախի գոյությունն առանց ռուս խաղաղապահների, քանի որ Ադրբեջանն ակնհայտ ագրեսիվ գործողություններ է իրականացնում եւ շարունակում հանցանքներն արցախահայության նկատմամբ: Ուստի, ես գտնում եմ, որ այս պահին խաղաղապահ առաքելությունը կենսական նշանակություն ունի արցախցիների համար, հետևաբար, չեմ պատկերացնում, որ որևէ տարբերակ հնարավոր է քննարկել՝ առանց Արցախում խաղաղապահների գոյության»:

Ի՞նչ ճակատագիր է սպասվում սահմանային բնակավայրերին եւ, ընդհանրապես, անկլավներին (այդ թվում՝ Տավուշի մարզի), որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում:

«Մենք մինչեւ հիմա գիտենք, որ առնվազն երկու հատվածներով՝ Տիգրանաշենի եւ Տավուշի մասով, իշխանական պատգամավորները խոսել են, հիմա պետք է իշխանությունները բացատրություն տան՝ այդ հատվածները բանակցությունների առարկա՞ են դառնալու, թե՞ թեման փակենք, եւ Հայաստանը մնա այսօրվա սահմաններով, դրան գումարած՝ Ադրբեջանական ներխուժումները հետ մղելը»:

Հայաստանը չի՞ պատրաստվում արդյոք ներկայացնել տարածքային պահանջներ Ադրբեջանին՝ հիմք ընդունելով նախ եւ առաջ այն հանգամանքը, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանը զավթել է Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ:

«Ես կարծում եմ, որ Հայաստանը պարտավոր է պահանջներ ներկայացնել, որովհետեւ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի համաձայն բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց կեցավայրեր: Եվ, բնականաբար, Հադրութի, Շուշիի եւ Արցախի մյուս բնակավայրերի բնակիչները պետք է վերադառնան եւ խաղաղ ապրեն իրենց տներում»:

Ի՞նչ փաստաթղթով, ի՞նչ քարտեզների հիման վրա է նախատեսվում իրականացնել սահմանազատումը եւ սահմանագծումը:

«Ես չեմ կարող ասել՝ ինչ փաստաթղթերով, բայց ակնհայտ է, որ դրանք պիտի լինեն այն փաստաթղթերը, որոնք ՀՀ տարածքային ամբողջականության համար որեւէ վտանգ չեն ներկայացնում»:

Արդյոք հաղորդակցության ուղիների բացումը ենթադրո՞ւմ է, որ ՀՀ սահմաններում գտնվող որեւէ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը իրականացվելու է ոչ ՀՀ ուժերով:

«Նոյեմբերի 9-ի նույն փաստաթղթում Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կետ, համաձայն որի՝ դեպի Նախիջևան կապող ավտոճանապարհը վերահսկվելու է ռուսական ուժայինների կողմից: Եվ, հետեւաբար, նա պետք է բացատրություն տա. երբ ասում ենք կոմունիկացիաների բացում, մեր ո՞ր ճանապարհը, ու՞մ վերահսկողության տակ է անցնելու, եթե լինելու է այդպիսի բան: Եթե չի լինելու, ապա պետք է այդ մասին հրապարակավ հայտարարվի՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն առ ոչինչ է»:

 

Մարիամ Նալբանդյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular