ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այստեղ չկա դիվանագիտություն. կա հստակ պահանջ Ադրբեջանի կողմից, իսկ Հայաստանի իշխանության ներսում կան լսողներ. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում մարտի 8-ից տիրող իրավիճակն անհանգստացնող է. բնակիչներն ահազանգում են, ՊՆ-ն միայն հերքում է տարածված տեղեկատվությունները, իսկ ադրբեջանցիները շարունակում են հոգեբանորեն և ֆիզիկապես ճնշել սահմանամերձ գյուղերի բնակչությանը: 

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: 

«Երեկ մենք մեր կուսակցության անդամներով Խրամորթում էինք, իրականում, պետք է ասեմ, որ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է: Իհարկե, ադրբեջանական կողմի ահաբեկչությունը չի դադարել, մի փոքր թուլացել է այն առումով, որ ինտենսիվ կրակոցները քչացել են, և նաև անվտանգային բավականին շատ աշխատանքներ են տարվել, որպեսզի խաղաղ բնակչության շրջանում տուժողներ չլինեն: Համայնքապետը փաստում է, որ անհնար է կանխորոշել, թե հաջորդ վայրկյանին ինչ սադրանքների կգնա ադրբեջանական կողմը: Իրավիճակը վերահսկվում է նաև ռուս խաղաղապահների կողմից, մենք անընդհատ տեսնում էինք իրենց շարժը: Իրականում նրանք ոչ թե պարզապես կատարում են իրենց պարտականությունները, այլ դա անում են բարձր մակարդակով: Այլ հարց է, որ իրենց դիմաց կանգնած է մի կողմ՝ մեզ համար թշնամի, իրենց համար՝ դեռևս անհասկանալի, որը որևէ պայմանավորվածություն ուղղակի չի կատարում:

Բնակիչները, բնականաբար անհանգստացած են: Օրը ամենաքիչը 4-5 անգամ իրենք բարձրախոսով մեր լեզվով ահաբեկում են մեր մարդկանց: Խուճապ առաջին օրերին է եղել, երբ թշնամին մեծ տրամաչափի զինատեսակներից անընդհատ հրետակոծել է մեր բնակավայրերը, բայց շատ արագ ինքնակազմակերպվել են և հիմա շատ զգոն են և ավելի հանգիստ, փորձում են սադրանքներին չտրվել: Ավելին, գյուղապետի խոսքով՝ շատ տղամարդիկ, ովքեր երկար տարիներ չեն բնակվել գյուղում, վերադարձել են, որպեսզի կանգնեն իրենց համագյուղացիների կողքին»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հայկական կողմի պատասխանները ադրբեջանական սադրանքներին՝ Հակոբյանը պատասխանեց.

«Ես այդտեղ որևէ պատասխան չեմ տեսնում: Կառավարության առաջին դեմքը, երբ ուներ այդ հնարավորությունը, ասաց, որ որևէ մեկնաբանություն տալ չի ուզում: Իսկ ինչ վերաբերում է ԱԳՆ-ին, դրանք հայտարարություններ են, որոնք ուղղակի արվում են հանրությանը շեղելու համար, քանի որ դիվանագիտական որևէ չափորոշիչների մեջ չեն տեղավորվում: Այստեղ չկա դիվանագիտություն, կա հստակ պահանջ Ադրբեջանի կողմից, իսկ Հայաստանի իշխանության ներսում կան լսողներ: Իսկ ԱԳՆ վերջերս արած հայտատարությունը, որտեղ ասվում է, թե իբր դիմել են ԵԱՀԿ մինսկի համանախագահող երկրներին, որպեսզի այդ ձևաչափում խաղաղության գնալը քննարկվի, պարզապես աբսուրդ է, որովհետև ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հստակ նախապայմաններ կան, որ եթե ԼՂՀ հիմնահարցը չի կարգավորվում երկկողմ, խաղաղության մասին խոսք գնալ չի կարող: Այսինքն՝ սա ևս կեղծ օրակարգ է, որով շեղում են հանրությանը, իսկ իրենց համատեղ կատարում են այն պահանջները, որոնք դնում են Ադրբեջանը և Թուրքիան: Բանակցությունները միակողմանի չեն լինում, այստեղ բանակցություններ չկան, կա հստակ պահանջներ դնող Ադրբեջան, և այդ պահանջները լուռ կատարող ՀՀ իշխանություն»:

 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular