ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Փաշինյանին ցույց է տալիս, թե ով է տնօրինում իրավիճակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը թերևս կարգավորվելու ազդակներ է ցուցադրում։ Երեկ սկսվել են վնասված գազի խողովակի վերանորոգման աշխատանքները։ Շուրջ մեկ շաբաթից ավելի Արցախի հարյուր հազար բնակչությունը մնացել էր առանց գազամատակարարման, ցուրտ եղանակի, ձյան և խայտառակ պայմաններում։ Հատկապես ծանր էր հաշմանդամություն ունեցող արցախցիների վիճակը, իսկ այդպիսիք շատ են արցախյան երեք պատերազմներից հետո, որոնք չէին կարողանում բավարար չափով տեղաշարժվել և առանց գազի մնացել էին ծայրահեղ ծանր իրավիճակներում։

Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, աշխատանքները իրականացնում է ադրբեջանական կողմը։ Հայաստանի կառավարության և ռուս խաղաղապահների հետ բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել, որ կարճ ժամկետներում Արցախում գազը կվերականգնվի։ Որևէ տեղեկություն չկա, թե ովքեր են բանակցել և ինչպես է հնարավոր եղել համաձայնության գալ մեկ շաբաթից ավել գազատարին մոտենալ չթույլատրող Ադրբեջանի հետ։

Արցախի ողջ տարածքում բազմաթիվ խնդիրներ են ծագել, հացի արտադրությունից, ջեռուցումից, մինչև ծանրաբեռնվածությունից հոսանքի պարբերական անջատումներ։ Իսկ ցրտի պատճառով երկուշաբթի օրվանից Արցախի դպրոցներում դադարեցրել էին դասերը։ Գազատարի վնասված հատվածը Ադրբեջանի հսկողության տակ անցած Շուշի-Լիսագոր հատվածում է։ Այս պահին արցախցիներից որևէ մեկը չի կարող հստակ ասել, արդյո՞ք աշխատանքներ իրականացնում են, թե՞ ոչ։ Սակայն բանակցություններում ձեռք բերված կոմպրոմիսը վկայում է, որ առաջիկա օրերին արցախցիներն արդեն կունենան բավարար չափով գազ՝ սեփական տները տաքացնելու համար։

Օրեր շարունակ Ազգային ժողովի ընդդիմությունը, հասարակական կազմակերպություններն ու քաղաքագետները նշում են, որ Ադրբեջանը լրջագույն խնդիրներ է ստեղծում Արցախի բնակչության համար, իսկ Հայաստանի իշխանությունները բավարար չափով չեն արձագանքում։ Այս դեպքում էլ Ադրբեջանը կարողացել է հասնել նրան, որ հենց ինքն է ստանձնել գազատարի վերանորոգման պարտականությունները։ Ինչը թերևս նշանակում է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է ապացուցել, որ Արցախի բնակչության կյանքն ու առողջությունը, ինչպես նաև մարդկային տանելի պայմաններում ապրելու հնարավորությունը կախված է բացառապես իրենից, այլ ոչ Հայաստանի իշխանություններից կամ ռուս խաղաղապահներից։ Սա առավել քան մտահոգիչ է, որովհետև վկայում է, որ Ադրբեջանը որևէ կերպ չի թուլացրել իր լկտի պահվածքը և շարունակելու է ամեն ինչ անել Արցախից հայկական բնակչությանը դուրս մղելու համար, իսկ մինչ այդ ընդամենը փորձում են արցախցիներին համոզել, որ Արցախի անվտանգության և Արցախի բնակչության կենսամակարդակի միակ երաշխավորը հենց Ադրբեջանն է, այլ ոչ Հայաստանի ապիկար և դավաճան իշխանությունը։

Ալեն Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular