Վարկային միջոցները հանրության համար ավելի թանկ են դառնալու. Սուրեն Պարսյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎերջին օրերին դոլարի փոխարժեքն անընդհատ տատանվում է. ակզբում մինչև 10 տոկոս աճ գրանցվեց, հետո մեկ օրվա ընթացքում մինչև 15 դրամով անկում նկատվեց:
Թմայի շուրջ 1or.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:
«Դրամի արժեզրկումը նախ պայմանավորված էր ռուբլու արժեզրկմամբ, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ սահմանված տնտեսական սանկցիաներով: Այդ սանկցիաների ազդեցությունը Հայաստանը կրում է ռուբլու արժեզրկման միջոցով, բացասական սպասումներով, և, այդ գործոններով պայմանավորված, Հայաստանում կտրուկ արժեզրկվեց դրամը: Քանի որ դրամի արժեզրկումը հանգեցրեց ապրանքի գների աճին, ԿԲ-ն որոշում կայացրեց վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ԿԲ-ի թիվ մեկ խնդիրը գների կայունության ապահովումն է, և նա օրերս ընդունեց որոշում, որի համաձայն վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվեց 9.25 տոկոս, ինչի արդյունքում, ըստ էության, դրամը թանկացավ»:
Տնտեսագետի խոսքով՝ դրամի թանկացումը միանշանակ ազդելու է տնտեսության ակտիվության վրա.
«Արդյունքում՝ վարկերը, վարկային միջոցները հանրության համար ավելի թանկ են դառնալու: Տնտեսական ակտիվությունը կտրուկ նվազելու է, ԿԲ-ն արդեն իսկ նախատեսել է, որ իր նախկին 5.3 տոկոս տնտեսական աճի փոխարեն լինելու է 1.6 տոկոս: Ես վստահաբար կարող եմ ասել, որ այս տարվա ընթացքում կրկին վերանայումներ են լինելու, և հնարավոր է նույնիսկ անկում ունենանք այս տարի, եթե, իհարկե, կարողանանք լուծել մեր գյուղատնտեսական մթերքների հարցը: Իսկ արժևորված դրամից, որը նպաստում է ԿԲ-ի խնդրի լուծմանը, մեր արտահանողներն են շատ զգալի տուժում: Հիմա արտահանումը դեպի Ռուսաստան հիմնականում կասեցված է, և մոտակա ամիսների ընթացքում, երբ սկսվի գյուղմթերքների արտահանումը, իրավիճակն ավելի է սրվելու: Անցյալ տարի մենք մոտ 210 հազար տոննա գյուղմթերք ենք արտահանել, ինչն այս տարի գտնվում է խիստ կասկածի տակ, քանի որ, երբ դրամն արժևորվում է ռուբլու նկատմամբ, մեր արտահանվող ապրանքը դառնում է մոտ հինգ անգամ թանկ: Այս պարագայում մեր արտահանողները դառնում են ոչ մրցունակ և դուրս են մնում շուկայից: Դեպի Ռուսաստան արտահանման ծավալների զգալի կրճատում կլինի, իսկ այն կազմում է մեր ընդհանուր արտահանման մոտ 28 տոկոսը»:
Մարիամ Նալբանդյան