ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում ամեն ինչ չէ, որ նորմալ է, չնայած՝ Բաքվի բռնապետն ակնհայտորեն այդ մասին չի խոսում. Վարդան Ոսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան իր գրառման մեջ շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Ուկրաինային տրամադրած աջակցության համար: Թե ի՞նչ օգնության մասին է խոսքը և ի՞նչ զարգացումների սպասել դրանից, 1or.am-ը պարզել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ զրույցում.

«Կարծում եմ՝ հիմա ռուսական կողմի համար առաջնայինը ուկրաինական ճակատն է, բայց Բաքվի բռնապետի գործողությունները չեն կարող աննկատ մնալ ռուսական կողմի համար: Հետևաբար, ամենևին պատահական չէր, որ ռուսական բանակի բարձրաստիճան պաշտոնյան խոսեց Արցախից հումանիտար օգնության մասին՝ դրական շեշտադրումով: Կարծում եմ՝ չէր կարող ռազմական սխալի հետևանք լինել նաև Խարկովում Ադրբեջանի պատվավոր հյուպատոսության շենքի հրթիռակոծումը, քանի որ որ, ինչպես գիտենք, ռուսական կողմն օգտագործում է գերճշգրիտ զինատեսակներ, և սա ցուցիչ է առ այն, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում ամեն ինչ չէ, որ նորմալ է, չնայած՝ Բաքվի բռնապետն ակնհայտորեն այդ մասին չի խոսում և աշխատում է հիմնականում շողոքորթության միջոցով հարթել բոլոր խնդիրները՝ հակառուսական հայտարարությունները, գործողությունները և քարոզչությունը փորձելով տեղափոխել լրատվական և հասարակական տիրույթներ: Սակայն ակնհայտ է, որ եթե խոսքը գնում է Ուկրաինայի օգնության մասին, ապա մենք նաև ռուսական և սիրիական լրատվամիջոցների տեղեկատվության հիման վրա կարող ենք գրեթե վստահաբար պնդել, որ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը մասնակից է Լեհաստանի վրայով դեպի Ուկրաինա մերձավորարևելյան վարձկան ահաբեկիչների տեղափոխման գործին, իսկ այդ ահաբեկիչները կռվում են թե՛ ռուսական զորքի, թե՛ Դոնբասի կամավորական ուժերի դեմ: Պարզ է, որ Ադրբեջանը, դեռևս Ռուսաստան-Ադրբեջան դաշնակցային հայտարարության ստորագրության թանաքը չչորացած, մուտք է գործել հակառուսական տիրույթ»:

Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրվելու պարագայում Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին, Ոսկանյանը նշեց.

«Այս ամենը, կարծում եմ, լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար: Մենք կարող ենք նախ ներկայացնել այս փաստերը, երկրորդ՝ աշխատել ՌԴ-ի հետ մեր անվտանգային համակարգի մակարդակը բարձրացնելու համար, որովհետև որևէ մեկը չի կարող հստակորեն երաշխիք տալ, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չի գնա գործողությունների՝ սրելու իրավիճակը Հարավային Կովկասում, եթե հանկարծ Ռուսաստանն Ուկրաինայում բախվի դժվարությունների: Հիմա էլ նրանք փորձում են օգտվել ստեղծված հնարավորություններից՝ քարոզչական և հոգեբանական ճնշում գործադրելով Արցախի մեր ազգակիցների նկատմամբ՝ գազատարի հետ կապված լուրջ խնդիրներ ստեղծելով, փորձելով զրկել հայ ազգաբնակչությանը տարրական կենսաապահովման պայմաններից և բազմաթիվ այլ գործողություններ: Հետևաբար, մենք պետք է կարողանանք շատ հստակ և շատ արագ կերպով, Ռուսաստանի Դաշնության օգնությամբ, կարողանանք վերականգնել մեր անվտանգային համակարգի առանցքը, իսկ դա հայկական բանակն է, առանց որի հզորության մենք չենք կարող ակնկալել Հայաստանի Հանրապետության անվտանգություն»:

 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular