ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը չի առարկում Ուկրաինայի առաջարկին, որ Թուրքիան անվտանգության երաշխավորներից մեկը դառնա․ Չավուշօղլու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը չի առարկում Ուկրաինայի առաջարկին, որ Թուրքիան անվտանգության երաշխավորներից մեկը դառնա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ Լվովում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքներով, փոխանցում է Anadolu-ն։

Նրա խոսքով՝ Ուկրաինան կողմ է, որ Թուրքիան ներառվի անվտանգության հնարավոր համաձայնագրի երաշխավորների թվում, իսկ Մոսկվան դրա դեմ առարկություն չունի։ «Այս պատերազմում անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել արյունահեղությունը։ Թուրքիայի ղեկավարությունը, ի դեմս անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ակտիվ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ»,- վստահեցրել է նա։

Չավուշօղլուն նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու Անկարայի ջանքերը շարունակվում են Բելառուսում սկսված ռուս-ուկրաինական բանակցություններին զուգահեռ։

Նրա խոսքով, հենց սրա հետ է կապված Անթալիայում արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու թուրքական կողմի նախաձեռնությունը եւ հետագա այցերը Մոսկվա ու Լվով։ «Երեկ Մոսկվայում ես հույս հայտնեցի, որ Ուկրաինայի հարցով հերթական հանդիպման անհրաժեշտությունը կվերանա, քանի որ պատերազմը կդադարի, եւ խաղաղությունն ու կայունությունը կտիրի Ուկրաինայում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ երկու երկրներ [Ռուսաստան եւ Ուկրաինա] կատարած այցերի արդյունքները զինադադարի հույսեր են արթնացրել։ «Նախագահ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ, իսկ այսօր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը»,- հայտնել է թուրք նախարարը։

«Ուկրաինայի տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության աջակցության հարցում Անկարայի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս վերաբերմունքը Թուրքիայի սկզբունքային քաղաքականության, մեր երկրների միջեւ դաշինքի եւ ռազմավարական գործընկերության բնական արդյունքն է»,- ասել է Չավուշօղլուն։

Նախարարը հայտնել է, որ Կիեւում «P5+Թուրքիա եւ Գերմանիա» բանաձեւով անվտանգության երաշխիքների առաջարկ է հնչել, որին ռուսական կողմը դեմ չի արտահայտվել։ «Իմ կարծիքով, այս նախաձեռնությունը վերջնական աջակցություն կստանա»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն նաեւ հայտնել է, որ եթե հարթակ ձեւավորվի պայմանավորվածության հասնելու համար այն հարցերի շուրջ, որոնք մոտ են համաձայնեցմանը, մեծ է Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպման հավանականությունը։

Նա հիշեցրել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպելու ուկրաինացի առաջնորդի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ Անկարան պատրաստ է նման երկխոսություն կազմակերպել։ Միաժամանակ Թուրքիան առաջարկել է բնակչության տարհանման նպատակով հրադադարի պայմանավորվածությունների մոնիթորինգին միջազգային կառույցների ներգրավել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular