ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դժվար է ասել, թե գնաճը դեռ որքան կտևի. Կառլեն Խաչատրյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Համավարակով ու հետպատերազմական խնդիրներով ուղեկցված 2021 թվականի ամփոփ տվյալներով՝ Հայաստանում 12-ամսյա գնաճը 7,7 տոկոս է կազմել։ Սա վերջին տասը տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, գնաճը վերջին անգամ պետության սահմանած թիրախային 4 տոկոսի սահմանն անցել է միայն 2014-ին։ 2022-ի պատկերն, անշուշտ, ավելի ցավալի է լինելու, քանի որ Հայաստանում գներն օր օրի աճում են:

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ.

«Դժվար է ասել՝ գնաճը դեռ որքան կտևի, որովհետև փաստացի գնաճային ալիքը մեր տնտեսությունում սկսվեց անմիջապես պատերազմից հետո, և 2020 թվականի դեկտեմբերից սկսած՝ մինչ օրս, գնային ճնշումները մեր տնտեսությունում ոչ միայն չեն մեղմվում, այլ գնալով ավելի ու ավելի են ահագնանում: Բնական է, որ այդ ընթացքում էլ ԿԲ-ն որոշակի գործիքակազմ փորձում է կրառել. այս 1 տարի 3 ամսվա ընթացքում մոտ 9 անգամ վերանայվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ Կենտրոնական բանկը անընդհատ փորձում է միջամտության գործիքներ կիրառելով՝ զսպել գնաճը: Բայց արտաքին շոկերը, երկրի ներսում տնտեսական ծանր իրավիճակը փաստացի նպաստում են, որ գները ոչ միայն չնվազեն, այլ, ընդհակառակը, աճեն: Մեծ հաշվով՝ 2020 թվականից մինչ այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4,25 տոկոսից հասել է 9,25-ի, այսինքն՝ ԿԲ-ն կրկնակի թանկացրել է փողը շուրջ մեկ տարվա ընթացքում, ինչը, բնական է, որ տնտեսական տեսանկյունից այնքան էլ լավ չէ, որովհետև փողի թանկացումը հանգեցնում է տնտեսական աճի զսպման, բայց մյուս կողմից ԿԲ-ն այլ ելք չունի՝ գնաճը կարգավորելու տեսանկյունից»:

Անդրադառնալով այն հարցին, թե ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծումն ինչ ազդեցություն կունենա գնաճի, առհասարակ, մեր երկրի տնտեսության վրա, տնտեսագետը նշեց.

«Ռազմական գործողությունների ավարտն ու այս հակամարտության կարգավորումը, անշուշտ, որոշակիորեն կլիցքաթափեն լարվածությունը՝ ոչ միայն հասարակական, արտաքին քաղաքական առումով, այլ նաև տնտեսական: Առհասարակ, պատերազմներն ու նմանատիպ հակամարտությունները տնտեսական հսկայական անորոշություններ են ձևավորում, և մեծ հաշվով դրանց հանգուցալուծումն ինչ-որ իմաստով ավելի կանխատեսելի պայմաններ է ստեղծում բիզնեսի համար, չնայած՝ թե գնաճային սպասումների, թե՛ պետական որոշակի գործարքների կնքման տեսանկյունից կարող են նպաստավոր լինել: Աներկբա է, որ որքան արագ հանգուցալուծվի այս խնդիրը, այնքան առանձին վերցրած երկրները և առհասարակ համաշխարհային տնտեսությունը կկարողանա վերականգնվել ու այս շոկից շուտ դուրս գալ»:

 

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular