ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունում վերադասավորումներ են սպասվում․ Փաշինյանը նոր նախարարներ կնշանակի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ ողջ աշխարհը զբաղված է ռուս-ուկրաինական պատերազմով և դրա հնարավոր հետևանքները մեղմացնելու ուղիներ է մտմտում, Հայաստանի գործող վարչախումբը թիթեռ է նկարում։ Ավելի ճիշտ, վերադասավորումներ է իրականացնում, բացառապես մեկ նպատակով՝ ամրապնդել Նիկոլ Փաշինյանի դիրքերը առաջիկա հնարավոր զարգացումներից առաջ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին կուսակցության վերնախավը զբաղված է ոչ թե կենսական նշանակության խնդիրների լուծմամբ, այլ քննարկում է նոր նախարարների թեկնածությունը։ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկա տասնօրյակում առնվազն հինգ նոր նախարարներ նշանակել, քանի որ դժգոհ է գործող նախարարներից մի քանիսի աշխատանքից։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն աներկբա որոշել է հրաժեշտ տալ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։ Իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում վերջին նախաձեռնությունը ծաղրի առարկա էր դարձել։ Թեև վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում դրվատանքով էր խոսում աղամանների և ծխելու դեմ նախաձեռնությունների մասին, իշխող ուժը չափազանց դժգոհ է իր խոսքով ամենախոշոր ռեֆորմների նկատմամբ հանրության շրջանում ձևավորված մթնոլորտից։

Նախարարի մեկ հաստիք էլ ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, երբ Վահագն Խաչատուրյանը զբաղեցրեց նախագահի պաշտոնը։ Նախարարների հնարավոր թեկնածուների անունները խիստ գաղտնի են պահվում, դրանց մասին հատուկենտ մարդիկ գիտեն, որոնք Փաշինյանի ամենամերձավոր շրջապատից են։ Այդուհանդերձ, խոսում են, որ նախարար կդառնան ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԻՆ առաջին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։ ՔՊ-ում նաև համառ շշուկներ կան, որ Փաշինյանը նախարարի պաշտոն է խոստացել նախկին ոստիկան, ներկայումս պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի աշխատանքից, սակայն առայժմ նրան փոխարինող գտնել չի հաջողվում։ Չի բացառվում, որ նրան էլ ազատեն զբաղեցրած պաշտոնից, իսկ նախարար նշանակեն հենց Արմեն Խաչատրյանին։

Նարեկ Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular