ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ գիրքը գրվում է. Անի Քոչարը բացում է փակագծերը

ՄՇԱԿՈՒՅԹ

1or.am-ի զրուցակիցը սիրված մոդել, լրագրող Անի Քոչարն է, ում հետ խոսել ենք ներկայիս զբաղվածությունից, ապագայի պլաններից, «Հանձնվել չկա»-ից, անձնական կյանքից և ոչ միայն:

- Անի Քոչարը մշտապես ակտիվ գործունեության մեջ է. ի՞նչ զբաղվածություն ունեք այս պահին, ապագայի պլանները հայրենիքու՞մ են:

- Պետք է նախ և առաջ նշեմ, որ իմ ապաքինվելուց հետո գրեթե երկու տարի իմ ողջ ժամանակը նվիրել եմ ճամփորդություններին, շրջագայություններին, որովհետև, երբ պայքարում էի կյանքի համար, ինձ համար նպատակ էր դարձել փրկվելուց հետո անպայման ապրել այն օրերը, այն ամիսները, որոնք հիվանդանոցում, այսպես ասած, չապրեցի: Եվ պետք է ասեմ, որ այդ նպատակը ես լիովին իրագործեցի՝ երկու տարվա մեջ մեկ տասնյակից ավելի երկրներ, քաղաքներ, պետություններ: Եվ նոր լիցքերով, վերազինված՝ վերադառնում եմ իմ աշխատանքային գործունեությանը: Սակայն այնպես չէ, որ այս ընթացքում միայն ճամփորդում էի: Ժամանակ առ ժամանակ, երբ հայրենիքում էի լինում, դա ուղեկցվում էր տարբեր աշխատանքային գործընթացներով, որոնք հիմնականում կապված էին «Հանձնվել չկա» գրքի և ընթերցողների հետ հանդիպումների հետ: Ինչպես նաև, ամռանը եղավ գրքի փառատոնը, որը կազմակերպել էր «Նյումեգ» հրատարակչատունը, որտեղ ես որպես հեղինակ հանդես էի գալիս թե՛ պանելային քննարկումներում, թե՛ կրկին առանձին հանդիպումների ժամանակ:

No description available.

- Ձեր հանձնվել «Հանձնվել չկա»-ն, կարծես, բավականին լայն արձագանք գտավ հանրության շրջանում: Ես տեսնում եմ, որ պարբերաբար ընթերցողների հետ հանդիպումներ եք ունենում, քննարկում գիրքը, որը շատերի համար մոտիվացիայի աղբյուր է: -

Այո, «Հանձնվել չկա» գիրքը բավականին ջերմ ընդունելության արժանացավ և լավ արձագանք գտավ: Այն հայկական գրքերի բեսթսելլերներից է: Հրատարակված տպաքանակն արդեն սպառվել է, այս պահին գիրքը վաճառքում չկա, սպասում ենք, որ «Նյումեգն» այն վերահրատարակի: Ընթերցողների հետ եղել են մեկ տասնյակից ավելի հանդիպումներ Երևանում և մարզերում, որոնք, որպես կանոն, անցել են լեփ-լեցուն դահլիճներում: Ես կարծում եմ, որ իմ մոտիվացիոն ելույթները ոգեշնչել և լավատեսություն են փոխանցել շատ-շատ մարդկանց: Հանդիպումները շարունակական բնույթ են կրելու նաև այս տարվա ընթացքում, որոնց հիմնական նպատակը գրքի ուղերձները կրկին ու կրկին մարդկանց փոխանցելը, նրանց ոգեշնչելը, նրանց հույս, հավատ և լավատեսություն փոխանցելն է:

- Հնարավո՞ր է ապագայում նոր գրքեր ունենաք, քանի որ, առաջինի արձագանքներից ակնհայտ է, որ գրելու շնորհ ունեք:

- Երկրորդ գիրքը գրվում է: Ես հստակ ժամկետներ չեմ կարող ասել, թե այն երբ պատրաստ կլինի տպագրության, ես այդ առումով չեմ շտապում: Իմ պարագայում կյանքն է գրում այդ գրքերը, և դրանք հիմնված են իրական փաստերի վրա, այնպես որ որոշակի ժամանակաշրջան է պահանջվում, որպեսզի երկրորդ գիրքը նույնպես ամբողջանա և հանձնվի ընթերցողի դատին: Սակայն պետք է ասեմ, որ ես, լինելով ժուռնալիստ, հրապարակախոս, ինձ չեմ վերագրում գրողի կոչումը: Բայց ես գրչի մարդ եմ, և ինձ թույլ եմ տալիս հուշագրություններս թղթին հանձնել և մոտիվացիայի աղբյուր դառնալ հազարավոր մարդկանց համար: Երկրորդ գիրքը կլինի նույն ձևաչափով, նույն ֆորմատով՝ մոտիվացիոն գրականություն, քանի որ կարծում, եմ, որ հայ ժողովուրդը, հատկապես այս ժամանակահատվածում, ունի ոգեշնչման, լավատեսության կարիքը:

No description available.

- Հարցազրույցներից մեկում ասել եք, որ սիրում եք «հազար փակի տակ պահել անձնական կյանքը», բայց մենք ուրախանում ենք Ձեր գեղեցիկ նորություններից:

- Ես ինձ հիմար մարդ չեմ համարում, այնպես որ, սովորում եմ իմ սխալների վրա: Ինչպես ասում են՝ տառապանքս փորձ ունի, և այո, ես արդեն բավականին երկար տարիներ անձնական կյանքս շատ փակ եմ պահում: Թեև ժամանակ առ ժամանակ լինում են փոքրիկ, այսպես ասած, ինստագրամյան սթորիներ, որոնցում մի փոքր բացահայտումներ են լինում, բայց դրանք այնքան քիչ են, որ չեն խանգարում անձնական կյանքս փակ պահելուն: Իրականում ես վստահ եմ, որ սերը, երջանկությունը, անձնական կյանքը լռություն են սիրում, և ես փորձում եմ այդ լռությունը խնամքով պահել:

- Հանրությունը, կարծես, մոռացել է մոդել Անի Քոչարին: Մոդելային բիզնես վերադառնալու (թեկուզ արդեն ոչ որպես մոդել) ցանկություն ունե՞ք, թե՞ այդ էջը փակված է Ձեր կյանքում:

- Շատ հետաքրքիր զուգադիպություն. վերջին երեք օրերին երկու նոր առաջարկ եմ մերժել, որովհետև իմ մոդելային կարիերան ավարտված չեմ համարում: Առհասարակ, համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ արհեստավարժ մոդելը ցանկացած տարիքում կարող է իր դերը գտնել որևէ նախագծում, եթե համապատասխանում է կերպարին, տվյալ իրադարձության կամ ցուցադրության ֆորմատին: Այնպես որ, այս առումով ես միշտ բաց եմ լավ, հետաքրքիր առաջարկների համար: Բայց ինձ համար թե՛ նախկինում, թե՛ այսօր որևէ բան ինքնանպատակ չէ, ես իմ առջև խնդիր չեմ դնում, որ ամեն գնով պետք է միայն երևամ, ի ցույց դնեմ, որ դեռևս որպես մոդել աշխատում եմ կամ որ այս կամ այն ոլորտում դեռևս գործունեություն եմ ծավալում: Առաջարկը պետք է ինձ հետաքրքրի, հոգեհարազատ լինի և ես պետք է ինձ տեսնեմ այդ նախագծում: Հուսամ՝ հետաքրքիր առաջարկներ կլինեն և ես անպայման դեռ հանդես կգամ նաև որպես մանեքենուհի:

No description available.

- Ամփոփելով...

- Պետք է ասեմ, որ այն հարկադրված բացակայությունը, որը եղել է հայրենիքից, եղել է սոսկ ֆիզիկական. ես մտքով և հոգով օր անգամ չեմ բացակայել Հայաստանից, և ապաքինվելուց հետո վերջին երեք տարում Հայաստանում եմ եղել, պարզապես, ինչպես նշեցի, շրջագայությունների փուլ էր ինձ մոտ. ես որևէ երկրում 1 ամսից ավելի չեմ մնացել: Ես ունեմ հետաքրքիր նոր մտահղացումներ, նոր մեդիա նախագծեր և փնտրում եմ հետաքրքիր գործընկերներ, որոնց հետ կկարողանամ այդ ամենը կյանքի կոչել: Ինչպես նաև, բաց եմ հետաքրքիր առաջարկների համար: Շատ առաջարկներ եմ ստանում, որոնք ինձ հետաքրքիր չեն լինում, որովհետև որպես մարդ, ով արդեն ավելի քան 20 տարի մեդիաոլորտում է, ղեկավարել է բավականին գործուն մեդիաընկերություն և հրատարակել Հայաստանի ամենապահանջված երիտասարդական ամսագրերը, և նաև մարդ, ով վերապատրաստվել է Գերմանիայում, շատ խստապահանջ եմ ընտրության և առաջարկների հարցում: Բայց մի բան միանշանակ է, որ ես մշտապես ստեղծագործում եմ, մշտապես փնտրտուքների մեջ եմ, պրպտում եմ, ուսումնասիրում, հասկանում լսարանի կարիքները և ըստ դրա իմ փնտրտուքները շատ շուտով կբերեն մի տրամաբանական կետի, որից կանեմ իմ նոր մեկնարկը:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular