ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արատավոր ավանդույթը վերակենդանացրել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչև 2018 թվականի իշխանափոխությունը նախկին իշխանությունների օրոք «հին ու բարի» ավանդույթ կար։ Կուսակցությունները կամ կուսակցության ղեկավարները, որոնք օլիգարխներ էին կամ բավական հարուստ մարդիկ, իրենց կուսակցությունը ներկայացնող նախարարներին, գործադիր կառույցների ղեկավարներին ծրարով գումարներ էին տալիս, որպեսզի նախ նրանք զերծ մնան կոռուպցիոն գործարքներից և երկրորդ, իրենց զգային իրենց պաշտոնին համապատասխան՝ լավ ապրեին և այդ կերպ պահպանեին իրենց նախարարի պաշտոնին համապատասխան ծախսերը։

Այսպես կոչված «հեղափոխությունից» հետո Նիկոլ Փաշինյանը խոստացել էր վերացնել օլիգարխիան, զրկել նրանց քաղաքական լծակներից, բիզնեսը տարանջատել քաղաքականությունից։ Փաշինյանական իշխանությունը նաև խոստացել էր ազնիվ և անկեղծ լինել հանրության հետ, չզբաղվել կոռուպցիայով և ապահովել օրենքի գերակայությունը, ավելին Փաշինյանն ու նրա սպասարկուները տևական ժամանակ պարբերաբար հայտարարում էին, թե Հայաստանում արմատախիլ են արել համակարգային կոռուպցիան։ Ըստ էության, այս հեղափոխությունից 4 տարի անց հարկ է արձանագրել, որ բոլոր այդ խոստումները հօդս են ցնդել, իսկ այդ արատավոր ավանդույթները շարունակվում են նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ի օրոք։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օլիգարխիկ որոշ շրջանակներ, որոնք տնտեսական լուրջ լծակների են սկսել տիրապետել այս իշխանությունների օրոք, կամ դարձել են փաշինյանական իշխանության հենարանները, նույնպես զերծ չեն մնում այդ արատավոր ավանդույթից, որոշ նախարարների գումարներ վճարելու առումով։ Ընդ որում, ինչպես նշեց մեր աղբյուրը, հատկապես տնտեսական բլոկի նախարարներն են օգտվում օլիգարխիկ այդ շրջանակների բարեհաճությունից։ Իհարկե, սա կոռուպցիայի կատարյալ դրսևորում է, քանի որ այդպիսի նվերները բնավ էլ նախարարների գեղեցիկ աչքերի համար չեն արվում, այլ ընդհակառակը արվում են օրենսդրական ճանապարհով կամ կառավարության նիստերում արտոնություններ ստանալու, սեփական տնտեսական շահերն առաջ մղելու համար։ Դրանով է բացատրվում որոշ պաշտոնյաների անթաքույց և լպիրշ պահվածքը, ամեն գնով իշխանության ու նրա մերձավոր օլիգարխներին պաշտպանելու բուռն մղումը, ՀՀ բյուջեի և բնակչության հաշվին օլիգարխներին տրվող արտոնությունները։

Ըստ էության, հանցավոր այս արարքների վերաբերյալ տեղեկություններ ունի նաև ազգային անվտանգության ծառայությունը։ Սակայն որևէ քայլ բացահայտումների ուղղությամբ չի արվում։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները առաջնորդվում են «բացահայտված չէ, հանցագործ չէ» սկզբունքով, ինչը նշենք՝ բոլորովին չի նպաստում Հայաստանի տնտեսության վերականգնմանը, հանրության շրջանում իշխանության նկատմամբ վստահության ստեղծմանը, կամ էլ երկիրը խորը անդունդից դուրս բերմանը։ Արդյունքում խաբված հասարակությունը ստիպված է լինում արձանագրել, որ 2018 թվականին ոչ թե իշխանության է բերել արժեքների և օրենքի հեղափոխություն անող թիմի, այլ պարզ, հասարակ պատեհապաշտների, որոնց միակ նպատակը Հայաստանի Հանրապետության գանձարանի հաշվին հարստանալն է։

Դանիել Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular