ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում առաջիկայում լուրջ տնտեսական անկում է սպասվում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը վերահաստատել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «Ba3» սուվերեն վարկանիշները և դրանց վերին սահմանաչափերը՝ համապատասխանաբար «Ba1» և «Baa2» մակարդակներում։ «Մուդիզ»-ը, միաժամանակ, փոխել է Հայաստանի սուվերեն վարկանիշի «կայուն» հեռանկարը՝ այն դարձնելով «բացասական»։ Ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ կապված «Մուդիզ»-ը վերանայել է 2022թ.-ի Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 1.8 տոկոս (նախկինում 5.0 տոկոս) և 2023թ.-ի համար 3 տոկոս (նախկինում 5.5 տոկոս):

«Մուդիզ» վարկանշային գործակալության այս արձանագրումը և ոչ միայն, այդ թվում նաև «Fitch Ratings»-ի և մյուս գործակալությունների կանխատեսումները վկայում են, որ Հայաստանում առաջիկայում լուրջ տնտեսական անկում է սպասվում։ Թեև միջազգային վարկանշային գործակալությունները ընդամենը տնտեսական աճի շեշտակի անկում են արձանագրում, հույսի տեղ թողնելով, թե Հայաստանը 1 տոկոսից փոքր-ինչ ավելի տնտեսական աճ է ունենալու, այդուհանդերձ հարկ է ընդգծել, որ սա բնավ էլ չի արտացոլում իրերի իրական դրությունը։

Թե՛ վարկանշային կազմակերպությունները, թե՛ ՀՀ գործող իշխանություններն ընդամենը Հայաստանի բնակչության գլխի տակ փափուկ բարձ են փորձում դնել, համոզելով, թե Հայաստանին հաջողվելու է խուսափել ռուս-ուկրաինական պատերազմի իրական հետևանքներից։ Արևմտյան վարկանշային գործակալությունները վաղուց են վերածվել քաղաքական գործիքի, իսկ Արևմուտքին անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Հայաստանի բնակչության լոյալությունը այս փուլում ստանալու համար։

Ըստ էության, Հայաստանը որևէ շանս չունի տնտեսական զարգացում ապրելու առումով և խնդիրը իրականում մեկն է, թե ի՞նչ պետք է անի Հայաստանի գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ստեղծված իրավիճակում Հայաստանում տնտեսության լիակատար փլուզում թույլ չտալու համար՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության չափազանց մեծ կախվածությունը Ռուսաստանից։ Իսկ այն, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները լրջագույն հետևանքներ են ունենալու, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չկա։

Հարություն Օհանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular