ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է և ունի թաքնված նպատակ. Ռոբերտ Հայրապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 28-ին՝ ժամը 14:00-ին, այս մասին հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։ Դատախազը մեղադրական ճառով պահանջել է մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։

1or.am-ը իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե որքանո՞վ են արդարացված Առուշանյանին ներկայացված մեղադրանքները և թե որքանո՞վ է իրատեսական դատախազի պահանջած պատժի ժամկետը.

«Ինչքանով ես եմ տեղյակ, 9 տարի 6 ամիս դատախազը պահանջել է բոլոր քրեական գործերով, այսինքն`առաջադրված բոլոր մեղադրանքների համակցությամբ ընդհանուր պատիժ է պահանջել, ինչը, բնականաբար, իրատեսական չէ: Նախ, ես կարծում եմ, որ Առուշ Առուշանյանին վերջին աղմկահարույց`ընտրակաշառքի գործով վեց տարի ազատազրկում պահանջելն առնվազն ծիծաղելի է, որովհետև դատավորը պետք է հասկանա, որ գոնե այս մասով Առուշանյանը պետք է արդարացվի: Այդ գործով ընդամենը մեկ ցուցմունք կար` Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի կողմից, որը երկու-երեք անգամ մոտավորապես փոխվել է, և Ավետյանն ինքն անգամ դատարանում պնդել է, որ վախի մթնոլորտում և քննիչների ստիպողական ազդեցության տակ է ցուցմունք տվել: Առուշանյանին այդ գործով դատապարտելու համար որևէ հիմք չկա, և եթե դատավորն իրապես սպասարկի արդարադատության շահը, ապա պետք է արդարացնի այդ գործով, այսինքն` 9 տարի 6 ամիս ընդհանուր պատժից առնվազն 6 տարին ավտոմատ պետք է դուրս գա: Մնացած գործերով, ինչքանով ես եմ հետևել, ինչքանով հասանելի է եղել դատավարությունը, էլի չկան ուղղակի ապացույցներ, որ ասենք Առուշ Առուշանյանը վազանց կատարելու համար փողոցում ծեծել է ինչ-որ մեկին և այլն, և այլն»:

Իրավաբանը կարծում է, որ սա Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է և ունի թաքնված նպատակ.

«Առուշանյանը Գորիս համայնքի վերջին ընտրություններին կարողացել է կալանավորվածի կարգավիճակով մասնակցել և ջախջախիչ հաղթանակ գրանցել, և հիմա իշխանությունները պարզ նպատակ են հետապնդում: Հայաստանի դատաիրավական համակարգի պատմության մեջ ինձ հայտնի չէ մի դեպք, երբ դատաքննության փուլն այսքան արագ ավարտվի: Ինձ թվում է՝ նրանց նպատակը հետևյալն է՝ անհապաղ հրապարակել դատավճիռ, որի վերջնարդյունքով Առուշ Առուշանյանը կունենա օրինական ուժի մեջ մտած մեղադրանք, արդյունքում կկարողանան օգտվել ՏԻՄ մասին օրենքի համապատասխան հոդվածից և մեղադրական դատավճռի հիմքով արդեն Առուշ Առուշանյանի լիազորությունները կդադարեցվեն, կանցկացվեն համայնքի ղեկավարի նոր ընտրություններ, որոնց, բնականաբար, Առուշ Առուշանյանն այլևս չի կարող մասնակցել, որովհետև կունենա դատապարտյալի կարգավիճակ: Սա ընդամենը Սյունիքում ըստ արժանվույն ընդունելու և Գորիս համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթանակ տանելու փաստական հանգամանքների չմարսման արդյունքն է, և ուղղակի պետք է հաշվի առնել, որ եթե Գնել Գասպարյանը կայացնի նման ապօրինի որոշում, ինքն էլ կմասնակցի այն փաստին, որ միջազգային չափանիշներով կհաստատվի, որ Առուշ Առուշանյանը քաղաքական բանտարկյալ է: Այն հույսը, որ իշխանություններն ունեն՝ հրատապ անցկացնել Գորիս համայնքի ղեկավարի նոր ընտրություններ դեռ չի արդարանալու, որովհետև յուրաքանչյուր ատյանից հետո բողոքարկումը հետաձգում է դատարանի որոշման ուժի մեջ մտնելը»:

Հայրապետյանը չի բացառում, որ Առուշանյանի գործը քննող դատավորի նկատմամբ որոշակի ճնշումներ կարող են լինել.

«Չմոռանանք, որ սեփական խղճով առաջնորդվելու և արդար դատավճիռ կայացնելու համար մենք Սյունիքում արդեն աննախադեպ դեպք ունենք՝ Բորիս Բախշյանի կալանավորումը, որով նրանք Սյունիքի մարզի դատավորներին օրինակ էին ցույց տալիս, որ եթե չանեք մեր սրտով, ապա կհայտնվեք Բախշյանի կարգավիճակում: Դա է վկայում նաև այն փաստը, որ Առուշ Առուշանյանի գործով վերջնական դատական ակտը պետք է հրապարակվեր երեկ՝ 17:30-ին, բայց մինչև 19:30 դատավորն ուղղակի անհետացել էր, և մոտավորապես 20:00-ի կողմերը հայտարարեցին, որ դատավճռի հրապարակումը հետաձգվում է մինչև երկուշաբթի: Սա արդեն որոշակի կասկածի տեղիք է տալիս, որ միգուցե դատավորի նկատմամբ որոշակի ճնշումներ են եղել կամ նրա՝ արդեն իսկ կայացրած դատական ակտի վերաբերյալ որոշակի տեղեկություններ են ունեցել, որոնք իշխանության այս կամ ներկայացուցիչների կամ անձամբ Նիկոլ Փաշինյանի սրտով չեն, և ինչ-որ հրահանգներ են եղել, որ դատավճռում այս կամ այն դրույթը փոփոխվի: Ամեն ինչ պարզ կլինի, երբ արդեն երկուշաբթի հրապարակվի դատական ակտը»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular