ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղմուկը շատ է, անորոշությունը՝ վտանգավոր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի գործող իշխանություններից ակնկալվում էր վերականգնել Հայաստանի բանակի մարտունակությունը, վերականգնել տնտեսությունը, փորձել ուշքի բերել Հայաստանը և Հայաստանի քաղաքացիներին ցավալի պարտությունից հետո։ Անցած 1,5 տարին իրեն հարգող յուրաքանչյուր իշխանություն կօգտագործեր իրավիճակը կարգավորելու համար։ Փաշինյանական վարչախմբի դեպքում ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունը ոչ միայն չի անում այդ նշված տրամաբանական գործողությունները, այլ ընդհակառակը անեն ինչ անում է Հայաստանի և Արցախի բնակչությանը մշտական սթրեսային իրավիճակում պահելու, հնարավոր վատթարագույն լուծումները սղացնելու, հանրությանը ցավալի և ողբերգական զիջումներին պատրաստելու գործողություններ։

Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանում և Արցախում կառավարող վերնախավերը, և ոչ միայն իշխանությունը, այդ թվում նաև ընդդիմադիր դաշտի մի զգալի մասը իր առջև խնդիր է դրել ամեն գնով հանրությանը պարտադրել և պատրաստել ցավագին լուծումների։ Միգուցե այս քաղաքականությունը կարող էր տրամաբանված լինել, եթե իշխանությունն ու ընդդիմությունը հանրությանը ի սկզբանե ներկայացնեին, թե ի՞նչ ունենք, ի՞նչ է մեզ սպասվում։ Մինչդեռ քաղաքական դաշտը բացարձակապես կտրվել է իրականությունից և հանրությանը հավուր պատշաճի չի տեղեկացնում, թե ի՞նչ է սպասվում իրեն։

Մի կողմից փորձում են շարունակել ռազմատենչ քարոզը, հանրության աչքին կռվող, ամուր, պինդ և ուժեղ իշխանություն կամ ընդդիմություն ներկայանալու գործողությունները, մյուս կողմից սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը։ Ըստ էության, նույնիսկ այսօր պատերազմից 1,5 տարի անց հստակ չէ ի՞նչ են ուզում Հայաստանից Ադրբեջանն ու Թուրքիան, ի՞նչ է ուզում Հայաստանից Եվրոպան, ի՞նչ է ուզում Արևմուտքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի, իսկ նաև վերջերս Ադրբեջանի ռազմավարական գործընկեր դարձած Ռուսաստանը։ Ռուս-ուկրաինական պատերազմը, իհարկե, զգալիորեն թուլացրել է Ռուսաստանի դիրքերը, սակայն առնվազն անլուրջ կլինի կարծել, թե Ռուսաստանը չունի իր շահերը Հարավային Կովկասում և մինչև վերջ հետամուտ չի լինելու այդ շահերին։ Վերջին, առնվազն 200 տարին, Ռուսաստանը ունի լրջագույն շահեր Հարավային Կովկասում և այդ շահերի համար պատրաստ է ընդհուպ մինչև ռազմական բախումների։ Այլ հարց է, որ այսօր Ուկրաինայում ստեղծված իրավիճակը լրջագույն խնդիրներ է հարուցում նաև Ռուսաստանի համար։

Ստեղծված իրավիճակում մեծ է նաև աղմուկը։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի բնակչությանը որևէ հանգամանալի, տրամաբանված և ողջամիտ բացատրություն չեն տալիս, թե ի՞նչ է սպասվում, և անորոշության այս ալիքը ի վերջո հանգեցնելու է լրջագույն արտագաղթի, հասարակության առավել ակտիվ և պատրաստված շերտերի Հայաստանից հեռանալուն, Հայաստանի Հանրապետության տնտեսության, առանց այն էլ, ծանրագույն վիճակում հայտնվելուն։ Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առաջին հերթին անորոշության և ապագայի նկատմամբ կասկածամտության որդով է տառապում, և որքան էլ իշխանությունը փորձի համոզել, թե ապագա կա, ապագան առաջին հերթին պետք է լինի որոշակիություն, ինչը իսկապես այսօր բացակայում է։

Էդգար Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular