ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ բացառում, որ այս իշխանությունները կարող են պրովոկացիոն գործողություններ կատարել Առուշ Առուշանյանի նկատմամբ. Ռոբերտ Հայրապետյան

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր դատարանը հրապարակեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ դատական վճիռը: Վերջինս մեղավոր ճանաչվեց 322-րդ հոդվածի երկրորդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք նվազագույն աշխատավարձի յոթ հարյուրապատիկի չափով: Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաև Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ և վեցերորդ կետերով, և դատարանը ազատազրկման պատիժ սահմանեց 1 տարի երեք ամիս ժամկետով, որում, 69-րդ հոդվածով սահմանված կարգով, հաշվի մեջ է մտնում արգելանքի տակ գտնվելու ժամկետը՝ 8 ամիս 12 օրը, և վերջնական պատիժ կրելու ազատազրկում 6 ամիս 18 օր ժամկետով:

Դատարանը որոշեց ազատազրկումը  պայմանականորեն չկիրառել և փորձաշրջան սահմանեց 1 տարի 6 ամիս ժամկետով, արդյունքում՝ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ.

«Ըստ էության՝ Առուշանյանը երկու հոդվածով արդարացվեց, երկու հոդվածով մեղավոր ճանաչվեց և, արդյունքում, նրա նկատմամբ նաև լրացուցիչ պատիժ կիրառվեց՝ 5 տարով նրան զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Իմ կանխատեսումները չարդարացան, իշխանությունը որոշեց այս կերպով Առուշ Առուշանյանին հետ պահել Գորիսի համայնքապետի պաշտոնում պաշտոնավարելու շարունակականության փաստից»:

Իրավաբանը դժվարացավ հստակ ասել՝ որևէ բողոքարկում կլինի՞, թե՞ ոչ.

«Այդ հարցին Առուշանյանի փաստաբաններն ավելի լավ կարող են պատասխանել, բայց միայն այն փաստը, որ ազատազրկման պատիժը Առուշ Առուշանյանի նկատմամբ պայմանականորեն չի կիրառվել և նա գտնվելու է ազատության մեջ, մինչև փաստաթղթերի ուժի մեջ մտնելը Առուշանյանը դեռ զբաղեցնելու է Գորիսի համայնքապետի պաշտոնը, և ազատ արձակման պահից սկսած՝ պաշտոնավարելու է որպես Գորիսի համայնքապետ:

Եթե փորձաշրջանի ընթացքում անձը կատարում է քրեական օրենսգրքով պատիժ նախատեսող որևէ այլ արարք, ապա հետագայում նրա նկատմամբ կայացվելիք որոշմանը գումարվելու են նաև այն պատժաչափերը, որոնք արդեն կան և որոնք նա պայմանականորեն չի կրում ազատազրկման ձևով: Ամեն դեպքում՝ չեմ բացառում, որ այս իշխանությունները կարող են պրովոկացիոն գործողություններ կատարել, օրինակ, Առուշ Առուշանյանին ինչ-որ բաներ կատարելուն դրդելու համար, բայց ժամանակը ցույց կտա նրանց հետագա անելիքները»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular