ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատվել ոչ յուրայիններից․ Նիկոլ Փաշինյանը մաքրում է համակարգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրականացնում են ամբողջական իշխանությունը զավթելու և ոչ յուրայիններին պետական համակարգի առաջատար պաշտոններից ազատելու գործողությունը։ Երեկ ամբողջ օրը Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ և քննչական գործողություններ է իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ խուզարկություններն իրականացվել են ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդականի սենյակում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է ցանկանում է ազատվել իր իսկ միջնորդությամբ ժամանակին Ազգային հերոսի կոչում ստացած Անդրանիկ Փիլոյանից։ Վերջինս բացարձակապես չի տիրապետում նախարարության գործառույթներին և չի կարողանում իր ձեռքը վերցնել կառավարումը, իսկ այնտեղ հիմնական բոլոր հարցերը լուծվում են առաջին փոխնախարար Արմեն Փամբուխչյանի միջամտությամբ։

Ըստ էության, վաղուց էին խոսակցություններ շրջանառվում, որ Փամբուխչյանին ի վերջո նշանակելու են Արտակարգ իրավիճակների նախարար, իսկ Փիլոյանին կա՛մ հեռացնելու են ընդհանրապես պաշտոնից, կա՛մ էլ նշանակելու են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Փիլոյանը, իհարկե, հրաշալի հասկանում է, որ գլխավոր շտաբի պետ գնալը ծանր հետևանքներով է հղի և ամեն կերպ փորձում է դիմադրել, ընդ որում ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, նա նույնիսկ սպառնացել է որոշակի տեղեկություններ բացահայտել, եթե հանկարծ իրեն հեռացնեն նախարարի պաշտոնից։ Եվ այժմ հարուցված քրեական գործի շրջանակներում փորձում են հարվածել Փիլոյանի մերձավոր շրջապատի անձին, այդ կերպ նաև տեղը դնել նախարարի պաշտոնը զբաղեցնող Փիլոյանին՝ նրան ընդհանրապես հեռացնելով պետական կառավարման համակարգից։

Այսպիսով Փաշինյանը ոչ միայն կազատվի մեկից, ով որոշակի պետական գաղտնիքների է տիրապետում, այդ թվում ոչ միայն ԱԻՆ համակարգից, այլ նաև 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից, այլև իր ՔՊ վարչության անդամին և իր մերձավոր զինակցին կփոխանցի նախարարի բաղձալի պաշտոնը։ Առաջիկա օրերին սպասվում են նմանատիպ գործողություններ այլ կառույցներում ևս։ Փաշինյանը հստակ հասկացել է, որ այլևս չի կարող հույս դնել այսպես կոչված 2018թ. հեղափոխությունից հետո իրեն միացած բազմաթիվ պաշտոնյաների վրա և այժմ ամեն կերպ ազատվում է նրանցից։ Միակ նախարարը, որին այդպիսի բան չի սպառնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է, որը ժամանակին պատգամավոր, հետո էլ նախարար է դարձել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի միջնորդությամբ, տակավին վերջերս էլ դարձել է Պապիկյանի քավորը։ Եվ վստահաբար կարելի է ասել, որ հեղափոխությունից հետո միացածներից միայն առայժմ Նարեկ Մկրտչյանն է երաշխավորված պահպանելու իր պաշտոնը։ Մյուս բոլոր դեպքերում, առաջիկայում մի քանի նախարարներ կզրկվեն իրենց պաշտոններից, իսկ նրանց փոխարեն այդ պաշտոններին կնշանակվեն կա՛մ ՔՊ ամենամերձավոր շրջապատի անձինք, կա՛մ էլ նրանք, ովքեր իրենց լիակատար հավատարմությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին։

Սմբատ Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular