ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանն արդեն իսկ ունի որոշակի դիմացկունություն կիրառվող պատժամիջոցների նկատմամբ. տնտեսագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փոքր քայլերով, սակայն վերջին մի քանի օրվա ընթացքում ռուբլին աստիճանաբար արժևորվում է։ Իհարկե արժութային տատանումները ուղիղ համեմատական են աշխարհաքաղաքական զարգացումներին և հայտարարություններին, որոնց արդյունքում սպառողների մոտ ձևավորվում է որոշակի վստահություն այս կամ այն արժույթի նկատմամբ։ Նշենք, նաև որ Ռուսաստանի կողմից քայլեր են ձեռնարկվում ռուբլու կայունացման ուղղությամբ։ Մասնավորապես՝ այդպիսի մի քայլ էր նաև ՌԴ կառավարության հայտարարությունները ոչ գործընկեր երկրների հետ արտահանվող գազի դիմաց միայն ռուբլով վճարումներ իրականացնելու վերաբերյալ:

Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է տնտեսագետ Մերի Բոյաջյանի հետ.

«Ըստ էության, Արևմուտքի կողմից իրականացվող համապարփակ պատժամիջոցները, որոնք վերաբերում են ՌԴ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին, ՌԴ բանկային հատվածի միջազգային ֆինանսական համակարգից մասնակի անջատումը, պետական և մասնավոր արտասահմանյան ակտիվների սառեցումը, զարգացած երկրների կողմից դեպի ՌԴ արտահանման ծավալների կրճատումը և ներմուծման արգելքների կիրառումն իրենց բացասական տնտեսական հետևանքներն են առաջացրել ՌԴ-ում՝ էականորեն նվազեցնելով ոչ միայն երկրի աճի ներուժը, այլ նաև դրանց տևական լինելու պարագայում հիմքեր են ստեղծում տնտեսական խորը անկման համար։

Ակհնայտ է, որ այս աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց բացասական հետևանքները կունենան նաև Հայաստանի տնտեսական զարգացումների վրա։ Դրա մասին բարձրաձայնում են ոչ միայն ՀՀ պետական մարմինները, այլ նաև միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները, մատնանշելով, որ այդ ազդեցությունը նկատելի կլինի մեր տարածաշրջանի վրա: Ըստ այս գնահատականների՝ սննդամթերքի և վառելիքի ավելի բարձր գները, նվազ դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայի տատանողականության աճը սպասվում է, որ առաջիկա ամիսներին կընդլայնեն Հայաստանի ընթացիկ հաշվի պակասուրդը, կհանգեցնեն գնաճի բարձրացմանը և կնվազեցնեն տնտեսական աճը»։

Տնտեսագետի խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա առևտրաֆինանսատնտեսական կապերը՝ այս ազդեցություններն ուղղակի և անուղղակի կերպով նկատելի կլինեն նաև մեր տնտեսությունում։ Ռուսաստանի տնտեսության անկման հետևանքով ՀՀ տնտեսությունում սպասվում են որոշակի ազդեցություններ, այդ թվում՝ դրամական փոխանցումների զգալի նվազում.

«Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Ռուսաստանն արդեն իսկ ունի որոշակի դիմացկունություն կիրառվող պատժամիջոցների նկատմամբ, ինչն օրինակ դրսևորվեց ֆինանսական համակարգի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից հետո, երբ մենք նկատեցինք, որ առաջնային շոկի ազդեցությունից հետո ՌԴ-ի հետ առևտրային և ոչ առևտրային փոխանցումներն անխափան կարող են տեղի ունենալ։

Հատկանշական է, որ եթե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի կազմել է 2.6 մլրդ ԱՄՆ դոլար, ապա Հայաստանի և Ուկրաինայի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 168.9 մլն ԱՄՆ դոլար։ ՀՀ-ից արտահանման կառուցվածքում Ուկրաինայի կշիռը 2021թ․-ին կազմել է 0.9%, մինչդեռ ներմուծման կշիռը՝ 2.7%: Ինչպես նկատում ենք, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ բավականին փոքր տեսակարար կշիռ է զբաղեցնում Ուկրաինան, ուստի ՀՀ-ի և Ուկրաինայի միջև առևտրային հարաբերությունների վատթարացումը համեմատաբար ավելի նվազ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա, քանի որ այդ բացը հնարավոր է լրացնել արտահանման այլ շուկաների մուտքով և ներմուծման դիվերսիֆիկացմամբ»։

Տնտեսագետը պնդում է, որ չնայած վերոնշյալ բացասական ազդեցություններին, ճգնաժամերը միշտ ստեղծում են նաև նոր հնարավորություններ.

«Մասնավորապես՝ հենց այդ կազմակերպությունների Ռուսաստանի շուկայից դուրս գալը կարող է դրական ազդակ հաղորդել մեր արտադրողներին՝ կողմնորոշելով իրենց արտադրանքը դեպի ռուսական շուկայում դեֆիցիտ ապրանքներ։ Բացի այդ՝ ակնկալվում է նաև, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում կարձանագրվեն որոշակի դրական զարգացումներ՝ պայմանավորված երկու հակամարտող երկրներից հոսքերի զգալի ավելացմամբ, որոնք որոշակիորեն կարող են փոխհատուցել նշված բացասական ազդեցությունները»։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular