ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետը դիմադրում է իշխանության հանձնմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որևէ կերպ չի ցանկանում լքել իր պաշտոնը, և այժմ էլ, գիտակցելով, որ Երևանի քաղաքապետարանում իշխանությունը զիջում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, փորձում է մոլեգնել։ «Սպուտնիկ Արմենիայի»-ի հետ զրույցում նա հայտարարել է, թե քննարկումներ ունեցել են, ընդհանուր համաձայնության դեպքում գուցե պարոն Ավինյանին նշանակի փոխքաղաքապետ։ Այս հայտարարությունը վկայում է մեկ բանի մասին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը պատահաբար, շատ պատահաբար ճանկած Հրաչյա Սարգսյանը, այժմ ամեն ինչ անում է, որպեսզի շարունակի պաշտոնավարել որպես Երևանի քաղաքապետ։ Նրա չորս տեղակալները Տիգրան Ավինյանի մերձավոր շրջապատի անձանցից են, և Սարգսյանը հստակ գիտակցում է, որ խնդիր ունի՝ չի կարողանալու երկար ձգել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հստակ քաղաքական որոշում է կայացրել՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում անց կացնել Երևանի ավագանու նոր ընտրություններ։ Այդ դեպքում արդեն Հրաչյա Սարգսյանը զրկվելու է Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Նա, իհարկե, հնարավորություն ուներ՝ պահպանելու առաջին փոխքաղաքապետի պաշտոնը նոր ընտրություններից հետո, սակայն վստահաբար կարելի է ասել, որ «Առաքելություն» կուսակցության նախկին անդամը որոշել է խաղալ «վա բանկ» և մինչև վերջ պահպանել այդ պաշտոնը, անկախ նրանից կլինի՞ նա «Քաղաքացիական պայմանագիր»-ի ցուցակում, թե՞ ոչ։

Սա ապստամբություն է, խռովություն գործող իշխանության դեմ։ Վաղուց արդեն հայտնի փաստ է, որ Տիգրան Ավինյանն է լինելու «Քաղաքացիական պայմանագիր»-ի թեկնածուն։ Հրաչյա Սարգսյանի այս հայտարարությունը ընդամենը վկայում է, որ այդ որոշումը իր սրտով չէ։ Նա բոլորովին չի ցանկանում զիջել պաշտոնը, առնվազն գոնե մինչև 2023 թվականը պահպանելը այն։ Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը բավականին լուրջ տնտեսական լծակներ է տալիս, և այժմ գործող քաղաքապետը փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը։ Գնդակն այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դաշտում է, որը պարտավոր է կա՛մ ի վերջո տեղը դնել Հրաչյա Սարգսյանին և բացատրել, թե ով կարող է լինել Երևանի իրական քաղաքապետը, կա՛մ էլ՝ կուլ գնալ, մարսել հասցված վիրավորանքը։ Նույնիսկ զարմանալին այս առումով այն է, որ Հրաչյա Սարգսյանը այդ հարցազրույցը տալիս է «Սպուտնիկ Արմենիային՝ փորձելով այդ կերպ նաև աշխարհաքաղաքական երանգ տալ իր հարցազրույցին և հետագա քայլերին՝ ապացուցելու, թե իբր ինքը համոզված ռուսամետ էր և միայն Տիգրան Ավինյանի ջանքերի շնորհիվ է զրկվել պաշտոնից։ Չի բացառվում, որ Հրաչյա Սարգսյանին պաշտոնազրկումից հետո տեսնենք ընդդիմադիր գործունեություն ծավալելիս։ 

Հակոբ Այվազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular