ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոնթեի կողքին ունենալ նման մարդ, ուղղակի անհասկանալի է, նա կե՛ղծ ազգային հերոս է. Սոֆյա Հովսեփյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Նիկոլ Փաշինյանի առաջարկով 2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2020֊ի հոկտեմբերին Փիլոյանը արժանացել էր «Ազգային հերոս»-ի կոչման։

Թեմայի վերաբերյալ 1or.am-ը լսել է հասարակական-քաղաքական գործիչ Սոֆյա Հովսեփյանի կարծիքը.

«Չեմ կարծում, թե սա քաղաքական հետապնդում է, որովհետև քաղաքական առումով համախոհներ էին: Ամբողջ պատերազմի ընթացքում այդ մարդու գործունեությունը, որը պետք է ուղղակի դատապարտելի լիներ առողջ իշխանության և հասարակության կողմից, ընդհակառակը, պարգևատրման արժանացավ, հետո էլ վերջինս պարգևատրվեց պաշտոն ստանալով: Կոնկրետ գործի մանրամասներին ծանոթ չեմ, գիտեմ, որ այնտեղ աուդիտ էր անցկացվում, որից հետո եղան ձերբակալություններ՝ կաշառքի դեպքեր, հանցավոր գործունեություն, կարծում եմ՝ արժանի կերպով, որովհետև այն շշուկները, որոնք կային պատերազմի ողջ ընթացքում այդ մարդու գործունեության հետ կապված, ի սկզբանե, դեռ պատերազմը չավարտված, պետք է քննվեին: Բայց այդ գործերը ոչ միայն չքննվեցին, այլ պատերազմից հետո, թե հենց ընթացքում այդ մարդուն հերոսի կոչում տվեցին: Սա, այո, այն քայլերից մեկն է, որ ազգային հերոսի կոչումն արժեզրկել է:

Եթե հիշում եք, նախաձեռնող խումբ գոյություն ուներ Լեոնիդ Ազգալդյանին Ազգային հերոսի կոչում տալու, բայց նրան կոչում չտվեցին, այլ տվեցին մի մարդու, ով, առհասարակ, Ազգային հերոս լինելուց շատ հեռու էր: Եվ այսօր էլ Լեոնիդ Ազգալդյանը դեռ ազգային հերոս չէ, իսկ այդ մարդը, թե՛ պատերազմի, թե՛ գործադիրում իր գործունեության ընթացքում, ինչպես տեսանք, նույնիսկ մոտ չէր հերոս կոչվելուն: Սա հենց ընդհանուր վերաբերմունքի դրսևորումն է փոխում, այսինքն՝ ազգային իրական հերոսներին այլևս պետք է վերապահումով մոտենալ, Մոնթեի կողքին ունենալ նման մարդ, ուղղակի անհասկանալի է, և հիմա էլ շահարկվում է այն փաստը, որ ազգային հերոսը ձերբակալվել է: Ազգային հերոսը չի՛ ձերբակալվել, կե՛ղծ ազգային հերոս է ձերբակալվել, որը հավանական էր, հնարավոր և տեսանելի»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular