ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փչացնել հերոսին»․ փաշինյանական իշխանության մարտավարությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հասարակությունները, հատկապես, երբ նրանք տևական ժամանակ գտնվում են պատերազմի փուլում, հերոսների կարիք ունեն։ Հերոսն է, որ հանրությանը, մարդուն, շարքային քաղաքացուն մղում է առավել ոգեղեն կերպով պաշտպանելու սեփական երկիրը, լինելու երկրի օրինավոր քաղաքացին, վճարելու հարկերը, հարկ եղած դեպքում զենքով պաշտպանելու հայրենիքը։

Ի տարբերություն Ադրբեջանի, արցախյան առաջին պատերազմից հետո Հայաստանը չափազանց քիչ մարդկանց էր տվել հերոսի կոչում։ Հատուկենտ մարդիկ էին, որոնք իրենց կյանքն իսկապես դրել էին հայրենիքի զոհասեղանին։ Մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության համար բավականին լուրջ և ծանրակշիռ գործեր էին արել և այդ հանգամանքն էր, որ մարդկանց ստիպում էր լինել իրենց հերոսների պես՝ հզոր, հայրենասեր։

2018 թվականի իշխանափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, իր առաջին քայլերից մեկը սկսեց «հերոսի» հերոսական կերպարը ոչնչացնելու, դավադիր և ազգադավ ծրագրով։ Դեռևս 2020 թվականի հունիսին տավուշյան լարվածությունից հետո, հերոսի կոչում տվեցին կապիտան Ռուբեն Սանամյանին, մի քանի տասնյակ՝ մոտ 80 մարդու, մեդալներ շնորհեցին։ Շատերը հանրության մեջ փորձում էին հասկանալ, թե ինչի համար են շնորհվել այդ կոչումները, սակայն փաշինյանական իշխանությունը, օգտվելով հանրային լայն էյֆորիայից, որևէ բացատրություն չտվեց։

Եկավ 2020 թվականի սեպտեմբերը՝ Հայաստանի նորագույն պատմության ամենածանր էջերից մեկը։ Արցախյան պատերազմում պարտությունից հետո Հայաստանը բազմաթիվ նոր «հերոսներ» ունի, բազմաթիվ շքանշանակիրներ ու մեդալակիրներ ունի, սակայն ունի պարտված և ահաբեկված հասարակություն։ Առաջիններից մեկը Հայաստանի Հանրապետության հերոսի կոչում ստացավ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Այս Ազգային հերոսի կոչումի շնորհումը տարակուսանքի առիթ էր դարձել նույնիսկ իշխանության մերձավոր մարդկանց համար։ Տակավին վերջերս օրինակ, Դանիել Իոաննիսյանը խոստովանում է, որ հարավային ուղղությամբ Անդրանիկ Փիլոյանը պետք է ապահովեր Ջաբրաիլի պաշտպանությունը, փոխարենը նրա ամբողջ զորամիավորումը ոչնչացվել է, հատուկենտ մարդիկ են փրկվել։ Անդրանիկ Փիլոյանը ոչ միայն չպատժվեց, այլև, ընդհակառակը, ստացավ Ազգային հերոսի կոչում և նշանակվեց Արտակարգ իրավիճակների նախարար։

Երեկ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, Անդրանիկ Փիլոյանին և նրա բազմաթիվ ենթակաների՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ։ Իսկ կոռուպցիան նշենք, նույնիսկ նախկինների համեմատ չափազանց փոքր է. մեկից մի ջեռուցման կաթսա է ուզել, մյուսից մի քանի հազար դոլար։ Ամենևին չենք ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը, սակայն հարկ է նշել, որ այս իրավիճակում հերոսի կոչում ունեցող նախարարի ձերբակալությունը լիովին տեղավորվում է Հայաստանում հերոսի կոչման արժեզրկման, իշխանական քաղաքականության տրամաբանության մեջ։ Երբ հաջորդ անգամ Հայաստանի քաղաքացու մոտ կսկսեն խոսել Ազգային հերոսներից, նրանց մտքին կգան ոչ թե Ջիվան Աբրահամյանը, Թաթուլ Կրպեյանը, որոնք իրենց կյանքը տվեցին Արցախում, ոչ թե Վիտյա Այվազյանն ու Գեղազնիկ Միքայելյանը, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանեցին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյային, ոչ թե Ազգային ժողովում ահաբեկչական հարձակման հետևանքով սպանված Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, այլ մի նախարար, որը ձերբակալվում է կոռուպցիայի մեղադրանքով։ Ահա այսպես է Հայաստանի գործող իշխանությունը դավաճանաբար վարվում հերոսի կոչման հետ։

Նորայր Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular