ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ բրիտանական ակտիվություն Հարավային Կովկասում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված և Հարավային Կովկասում Ադրբեջանի աննախադեպ ակտիվության պայմաններում, երբ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից քննադատական կոչեր են հնչում Ռուսաստանի հասցեին, տարօրինակ ակտիվություն է նկատվում Մեծ Բրիտանիայի կողմից։ Վերջին օրերին Վրաստանում և Ադրբեջանում է եղել Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հեփփին, հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, նախագահ Իլհամ Ալիևի հետ, նույնիսկ գնացել շեհիդների ծառուղի՝ հարգանքի տուրք մատուցելու ադրբեջանցի ասկյարներին։ Տարօրինակը՝ Ջեյմս Հեփփիի Թվիթերում արած գրառումն էր, թե եկել է հարգելու նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են դրել ռուսների դեմ պայքարում։

Բրիտանական մեկ այլ պատվիրակություն էլ երեկվանից գտնվում է Հայաստանում։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութոնի գլխավորած պատվիրակությունը, հանդիպել է Ազգային ժողովի ընդդիմադիր և իշխանական պատգամավորների հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հատկապես տարօրինակ այս այցերի ֆոնին, մեկ այլ տարօրինակ իրադարձություն էլ տեղի ունեցավ։

Հայաստանի քաղաքացիական հասարակության շուրջ 25 կազմակերպություններ ու գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, թե Հայաստանի ինքնիշխանությունը բացարձակ արժեք է, և իրենք մերժում են ՝ այսպես կոչված «միութենական պետության», առավել ևս Ռուսաստանի կազմի մեջ մտնելու բոլոր առկա միտումները։

«Արձանագրելով Ռուսաստանի անկարողությունը Արցախում հայության անվտանգությունը ապահովելու հարցում՝ Հայաստանի իշխանություններից նրանք պահանջում են դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահներ Արցախում տեղակայելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

25 կազմակերպությունների և գործիչների խմբում բացառապես նրանք են, ովքեր արևմտյան կողմնորոշում ունեն, մշտապես հանդես են եկել հակառուսական հայտարարություններով և վարքով, ու իրենց բոլոր գործողությունները համապատասխանեցրել են Արևմուտքի քիմքին։ Ըստ էության, հարկ է նշել, որ Հարավային Կովկասում ավելի մեծ քաղաքական շահեր ու նպատակներ ունի ոչ թե Միացյալ Նահանգները, Ֆրանսիան կամ այլ երկիր, այլ հենց Մեծ Բրիտանիան, ինչի մասին վերլուծաբանները նշում էին դեռևս արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։

Բրիտանական կորպորացիաները տնտեսական լուրջ շահեր ունեն Ադրբեջանում, իսկ «British Petrolium»-ը Ադրբեջանի նավթի արտահանման հիմնական կազմակերպիչներից մեկն է։ Չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն այդպես էլ չհամարձակվեց որևէ հրթիռ նետել նավթատար խողովակի ուղղությամբ։ Վստահաբար կարելի է նշել, որ այս վերջին օրերի իրադարձությունը, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների ակտիվացած հակառուսական դրսևորումները վկայում են, որ փորձում են տարածաշրջանը հանել ռուսական ազդեցությունից և ամբողջությամբ կախման մեջ դնել Բրիտանիայից և ՆԱՏO-ում նրա գործընկեր՝ Թուրքիայից։ Իսկ Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը բոլոր ջանքերը գործադրում է այդ ուղղությամբ։

Թաթուլ Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular