ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե վարչական ռեսուրսը չլինի, ապա ՔՊ-ի թեկնածուն կունենա հաղթելու զրոյական շանս. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքի ավագանու սպասվելիք ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկն արդեն տրված է: Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց, որ ունի վերջնական որոշում, և այդ ուժի ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը: Թե որքանով է ՔՊ-ի թեկնածուն «մրցունակ» շրջանառվող այլ անունների կողքին, 1or.am-ը քննարկել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ.

«Ես կարծում եմ, որ եթե վարչական ռեսուրսը չլինի, ապա ՔՊ-ի թեկնածուն կունենա հաղթելու զրոյական շանս: Եթե 2021 թվականի ընտրությունների ժամանակ իրենք կարողացան որոշակի հաջողությունների հասնել, ապա հիմա հասարակությունն արդեն գիտի, որ նրանց բոլոր խոստումները պարզապես ջուր էին, այդ մարդկանց վստահել չի կարելի: Եվ հիմա նրանք փորձում են մանիպուլյացիաների արդյունքում իշխանական համակարգում հասնել հաջողության: Օրինակ, այս վերջին առաջարկը, որ եթե ավագանին չկարողանա ընտրել համայնքի ղեկավար, ապա վարչապետն ինքը կկարողանա մեկ ամսվա ընթացքում նշանակել նրան, որից հետո տեղի կունենան արտահերթ ընտրությունները, առաջին հայացքից տրամաբանական քայլ է, բայց իրականում սա փաստում է այն, որ ցանկացած պահի, երբ իրենց հարմար չլինի այս կամ այն ընտրության արդյունքը, իրենք մանիպուլյացիների միջոցով կարող են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ կարողանան նշանակել իրենց մարդուն, հետո օգտագործել վարչական ռեսուրսն ու վերականգնել իրենց իշխանությունը: Ըստ էության, այս իշխանությունը, կարելի է ասել, որ վարչական ռեսուրսից դուրս որևէ հանրային ռեսուրս գրեթե չունի: Իսկ թե ինչքանով նրանց կհաջողվի օգտագործել այդ ռեսուրսները, կախված է նրանից, թե այլընտրանքային շրջանակներն ինչքանով կկարողանան կանխել դա»:

Անդրադառնալով ընդդիմության կողմից առաջադրվելիք թեկնածուներից քաղաքապետի պաշտոնում ընտրվելու ամենահավանականին՝ քաղաքագետը նշեց.

«Ցանկացած թեկնածու, եթե վաչական ռեսուրսը նկատի չունենանք, կարող է մրցակցել ՔՊ-ի հետ և հաղթել նրա թեկնածուին: Այլ խնդիր է, որ ընդդիմության միակ խնդիրը պետք է լինի կոնսոլիդացիա ապահովելը, որպեսզի թույլ չտան իշխանությանը գործի դնել վարչական ռեսուրսները: Ընդդիմության հաջողության միակ գրավականը կոնսոլիդացիան է, և միայն այդ պարագայում հնարավոր կլինի իշխանությանը քիչ թե շատ ետ պահել վարչական ռեսուրսներն օգտագործելուց»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular