ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հետ անցումը ազգային արժույթով առևտուր իրականացնելուն առավել համապատասխանում է մեր շահին. տնտեսագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը սննդամթերք և գյուղատնտեսական կուլտուրաներ կմատակարարի միայն բարեկամ երկրներին։

«Մենք մեր ապրանքն ու գյուղմթերքը չենք մատակարարելու մեր թշնամիներին։ Եվ մենք նրանցից ոչինչ չենք գնի»,- գրել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ ոչ բարեկամ երկրների հետ գազի առևտուրը կիրականացվի միայն ռուբլիով: Թե ինչ ազդեցություն կարող են ունենալ այս զարգացումները մեր հարևանների տնտեսության վրա, 1or.am-ը պարզել է տնտեսագետ Վահե Դավթյանի հետ զրույցում.

«Սա ուղիղ քայլ է՝ ուղղված Ռուսաստանի արտաքին առևտրի դեդոլարիզացիային: Իրականում, այս գործընթացը շատ ավելի խորը արմատներ ունի և սկսվել է շատ ավելի շուտ, մասնավորապես, ԵԱՏՄ ձևավորման շրջանակներում: Եվ դեռ 2015 թվականին ԵԱՏՄ շրջանակներում դոլարից հրաժարվելու և ռուբլիով առևտուր անելու առաջին առաջարկներից մեկը, հատկապես բնական գազի դեպքում, եղել է հենց Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա կառավարության կողմից: Բայց այն պահի դրությամբ դեռևս թարմ էին 2014 թվականի ռեցեսիայի հետևանքները, և Ռուսաստանը սեփական դոլարային ռեզերվներն ավելացնելու անհրաժեշտություն էր տեսնում: Դա է պատճառը, որ Ռուսաստանը չգնաց այդ քայլին: Այսօր, կարելի է ասել, պահը հասունացել է, ռուսական ստաբիլիզացիոն ֆոնդը առավել քան կայացած ինստիտուտ է, որը գործում է որպես Ռուսաստանի տնտեսության համար «անվտանգության բարձիկ», և կան բոլոր նախադրյալները, որպեսզի Ռուսաստանը գնա նմանատիպ խոշոր աշխարհաքաղաքական նշանակության տնտեսական գործընթացի: Կարծում եմ, որ խոսակցություններն այն մասին, որ բարեկամ երկրների հետ, մասնավորապես ԵԱՏՄ շրջանակներում, Ռուսաստանն առաջիկայում կձևավորի ունիվերսալ արժույթ և դրանով կիրականացնի առք ու վաճառքը, ինչ-որ իմաստով ժամանակավրեպ են, որովհետև ակնհայտ է, որ նոր արժույթ ձևավորելու համար անհրաժեշտ է երկար ժամանակ, և հաշվի առնելով բազմաթիվ խնդիրները, որոնք առկա են բարեկամ երկրների միջև, թույլ չի տալիս մեզ գոնե տեսանելի ապագայում դրան լավատեսորեն վերաբերվել: Խոսքը, մասնավորապես, այդ երկրների միջև առկա ֆինանսական ինտեգրման շատ ցածր մակարդակի մասին է, ինչպես նաև՝ արտաքին տնտեսական քաղաքականության օրակարգերի շատ լուրջ տարբերությունները, որ մենք տեսնում ենք տարբեր երկրների միջև, գումարած՝ քաղաքական որոշ խնդիրները, որոնք առկա են այդ երկրների մոտ: Մասնավորապես, արտաքին քաղաքականության տիրույթում մենք տեսնում ենք, որ միշտ չէ, որ նրանք հանդես են գալիս միասնական դիրքերից: Սա, կարծում եմ, խոչընդոտ է լինելու առաջիկայում այդ ունիվերսալ արժույթի ձևավորման համար: Դա է պատճառը, որ իմ խորին համոզմամբ պետք է այսօր խոսվի դեդոլարիզացիայի համատեքստում ոչ թե նոր արժույթի ձևավորման, այլ առավելապես ազգային արժույթներով առևտուր իրականացնելու մասին: Ուղղություն, որն այսօր արդեն Ռուսաստանը փորձարկում է, և ռուբլու կայունացումը դրա ուղիղ արգասիքներից մեկն է»:

Անդրադառնալով հայկական շահի տեսանկյունից Ռուսաստանի կողմից արված այս հայտարարություններին՝ տնտեսագետը նշեց.

«Եթե խոսքը հատկապես գազային հարցերի մասին է, ռուբլիով բնական գազի ձեռքբերումն առավել քան կարող է բխել ՀՀ շահերից, որը մշտապես հանդես է եկել այս օրակարգի դիրքերից, քանի որ դոլարի տատանումները մշտապես շատ բացասաբար են անդրադարձել մեր գազատրանսպորտային քաղաքականության և տրանսպորտային ոլորտում իրականացվող գնային, հետևաբար, նաև սակագնային քաղաքականության վրա: Այնպես որ, եթե խոսում ենք զուտ Հայաստանի Հանրապետության ընթացիկ տնտեսական շահերից, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ անցումը ազգային արժույթով առևտուր իրականացնելուն առավել համապատասխանում է մեր շահին՝ հաշվի առնելով նաև գոնե այս փուլում ռուսական ռուբլու ցածր փոխարժեքը»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular