«ՀՀ պսևդո-իշխանությունները՝ Էրդողանի էլեկտորալ շահի սպասարկման գործիք». Վահե Դավթյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին մեկ տարում Թուրքիայում ինֆլյացիան հասել է 61%-ի, ինչը 20 տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
Միաժամանակ, գների բազային ինդեքսն աճել է 48%-ով, ինչը հարցականի տակ է դնում Թուրքիայի ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական անվտանգությունը (էներգետիկ սեկտորում ինֆլյացիան հասել է 103%-ի, սննդամթերքի շուկայում՝ 70,3%-ի): Չեն աշխատում նաև արտահանումը խթանող լիրայի դևալվացիայի մասին տնտեսական միֆերը, քանի որ դրանք արդեն հատում են ողջամտության բոլոր սահմանները:
Սա այն Թուրքիան է, որի հետ որոշ առևտրական-թափառականներ ձգտում են ինտեգրվել, առևտուր անել, միասին ՛՛փող առնել՛՛:
Մոռացեք, որ հարաբերությունների հաստատման պարագույմ տեսանելի ապագայում որևէ ՛՛քյար՛՛ եք ունենալու թուրքական գահավիժող տնտեսությունից:
Հարցն ունի նաև այլ՝ քաղաքական չափում:
Արդեն 2023 թ. հունիսին Թուրքիայում անց են կացվելու նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: Այսօր Էրդողանի վարկանիշը գահավիժում է թուրքական տնտեսությանը զուգընթաց: Եթե 2021 թ. հոկտեմբեր-նոյեմբերին այն կազմում էր 41%, ապա այսօր արդեն մոտենում է կրիտիկական 30%-ի:
Սուլթանին բարդագույն ընտրություններ են սպասում, հետևաբար, նա փորձելու է էլ ավելի ակտիվացնել տարատեսակ արտաքին քաղաքական ավանտյուրաները՝ Ուկրաինայից Լիբիա, Արևելյան Միջերկրականից Արցախ, Վրաստանից Կենտրոնական Ասիա:
Տեխնոլոգիան հայտնի է ու բազմիցս փորձարկված. մոբիլիզացնել հասարակությունը ՛՛հայրենասիրական՛՛/՛՛կայսերական՛՛/աշխարհաքաղաքական մեծ սխեմաների շուրջ: Պարզ ասած՝ զբաղվել կոնստրուկտիվիստական սեքյուրիթիզացիայով:
Եզրակացությունը պարզ է: Երևանի շտապողականությունը ՛՛խաղաղության՛՛ պայմանագրի կնքման ուղղությամբ, ՀՀ ԱԳՆ անթալիական վոյաժները, պատերազմի վտանգի գեներացման ներքո Բաքվի 5 կետերի ընդունման անխուսափելության արձանագրումը՝ այս ամենն ուղղակիորեն կամ անուղղակիորեն սպասարկում է Էրդողանի ներքին քաղաքական շահը»: