ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունն առաջարկում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 80 հազար դրամ. հանձնաժողովը մերժեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում  նվազագույն աշխատավարձը 68 հազարից բարձրացնել՝ դարձնելով 80 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Վարդանյանը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունը մեկ անգամ ևս առաջարկել էր նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում, սակայն առաջինը լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկվել, հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն:

«Նախագիծը լրամշակվել է: Ներկայացված նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ: Փոփոխություններ են կատարվում նաև ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար, փոփոխվում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը»,-ասաց Վարդանյանը՝ առաջարկելով, որ կարգավորումը ուժի մեջ մտնի 2023-ի հունվարից:

Կառավարությունից նշել էին, որ փոփոխությունները հղի են մի շարք վտանգներով՝ չձևակերպված զբաղվածություն, սպառողական գների, բյուջետային ծախսերի, բիզնեսի վրա հարկային բեռի աճ: Ըստ Վարդանյանի՝ առկա հնարավոր ռիսկերը հակակշռվում են բազմաթիվ այլ դրական փոփոխություններով: «Հատկապես այս փուլում, երբ վերջին 2-3 տարիներին ունենք գնաճի բավականին բարձր ցուցանիշներ, պարտավոր ենք որպես ԱԺ, որպես պատգամավորներ մտածել մեր հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որոնց գնողունակությունը կտրուկ անկում է ապրել»,-ասաց պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս կարգավորմամբ միայն մասնավոր հատվածի նվազագույն աշխատավարձի վրա՞ են դրականորեն ազդում, իսկ հանրային ծառայության աշխատավարձերը կապված են բազային աշխատավարձի հետ, և նախագծով բազային աշխատավարձի փոփոխություն չի՞ ենթադրվում:

«Բնականաբար սա ենթադրելու է նաև Հանրային ծառայության ոլորտում որոշակի փոփոխություն»,- պատասխանեց Վարդանյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը: Նա հիշեցրեց, որ կառավարության 2021-2026 թթ ծրագրով նախատեսված է մինչև 2026թ ձեռնարկել քայլեր՝ աշխատավարձը մինչև 85 հազար սահմանելու համար: «Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորությամբ` որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր»,-ասաց նա:

Ըստ փոխնախարարի՝ պատգամավորի ներկայացրած նախագծում բացակայում են տնտեսական հիմնավորվածության տեսանկյունից վերլուծությունները: Նրա խոսքով՝ նվազագույն ամսական աշխատավարձի չհիմնավորված բարձրացումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի և զբաղվածության մակարդակի նվազմանը, ինչը կարող է բերել նաև գնաճի ճնշումների: Ներկայացված նախագիծն առաջարկում է 17 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը: «Մեր կանխատեսումներով՝ այս նախագծի ընդունման դեպքում պետբյուջեի ծախսը կավելանա տարեկան կտրվածքով շուրջ 99.1 մլրդ դրամի չափով»,-նշեց փոխնախարարը՝ հորդորելով անփոփոխ թողնել օրենքը:

Երկար քննարկումից հետո նախագիծը հանձնաժողովում ստացավ բացասական եզրակացություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular