ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարենային սպառնալիքի սպասումով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմը արդեն տնտեսական լուրջ խնդիրներ է հարուցել թե՛ Ռուսաստանի, թե՛ նրա առևտրային գործընկերների համար։ Հայաստանն այս առումով, թերևս, ամենահարմար դիրքերում է, քանի որ չեզոքության ռեժիմի պահպանման շնորհիվ կարողացել է որոշակիորեն մեղմել պատժամիջոցների ազդեցությունը։ Փաստացի, պատժամիջոցները բուն Հայաստանի վրա անմիջականորեն չեն ազդում, սակայն դրանք ազդում են Ռուսաստանից մատակարարների շղթայի խաթարման վրա, ինչն էլ հանգեցնում է ոչ միայն ապրանքների զգալի նվազման, այլև՝ գների աճի։

ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի խոսքով Հայաստանում պարենային անվտանգության առումով տարին մարտահրավերներով է լինելու, բայց իրավիճակը այնքան էլ սպառնալից չէ։ Մինչդեռ միայն նախօրեին է Ռուսաստանը դադարեցրել հացահատիկի մատակարարման արգելքը ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Վիճակագրական կոմիտեի և պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ անցած տարի Հայաստանում սպառվել է 367 000 տոննա ցորեն, որից ընդամենը մեկ/քառորդ մասը՝ 97 հազար տոննան է տեղում աճեցվել, մնացած երեք/քառորդը ներմուծվել է Ռուսաստանից։ Ուշագրավ է, որ պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում աճեցվող ցորենի ծավալները տարեցտարի նվազել են։

Եթե 2018-ին Հայաստանում աճեցվել է 187 500 տոննա ցորեն, ապա անցած տարի այդ ցուցանիշը գրեթե կիսով չափ կրճատվել է։ Կտրուկ նվազում է նաև հողերի բերքատվությունը, երբ 2018-ին 1 հեկտարից ստացվել է 2800 տոննա ցորեն, անցած տարի գրեթե 1,7 տոննա։ Փաստացի, երկու դեպքում էլ պատճառը հստակ է. 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի և հարակից տարածքների բերրի հողերի զգալի մասը, որտեղ աճեցվում էր հացահատիկի հիմնական խմբաքանակը, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ընդ որում, եթե Հայաստանի բարձր լեռնային կամ լեռնային հատվածներում հացահատիկի արտադրությունը չափազանց նվազ էր բերքատվության առումով, ապա այդ հողերը չափազանց բարձր բերքատվություն էին տալիս, ինչով էլ պայմանավորված է բերքատվության ցուցանիշի նվազումը։

Հայաստանի իշխանությունները ընդամենը հայտարարում են և խոստումներ են տալիս պարենային անվտանգության կարգավորման ուղղությամբ։ Նույնիսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շաբաթներ առաջ խնդրում էր մաքսիմալ շատ մշակել հողերը։ Գյուղացիներն այդպես էլ ականջալուր չեն լինում նախարարի խորհրդին։ Արդյունքում Հայաստանը կանգնելու է լուրջ պարենային վտանգի առջև, իսկ Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում, հայ գյուղացին խոշոր կորուստներ է կրելու։ Թուրքիայից ներմուծվող բանջարեղենը և մրգերը շատ ավելի էժան են լինելու և տեղում խեղդելու են հայկական արտադրանքը։ Սահմանների բացումը, իհարկե, քաղաքական որոշում է, սակայն մինչ օրս որևէ պետական կառույց ողջամիտ բացատրություն չի տվել, թե ինչ տնտեսական հետևանքներ կունենա Թուրքիայի հետ սահմանի բացումը, և ինչ միջոցներ են ձեռնարկվել դրանց դեմն առնելու համար։ Փոխարենը միայն դեկլարատիվ հայտարարություններ են, կեղծ հավաստիացումներ, որոնց տակ բացարձակ ոչինչ չկա։

Անդրանիկ Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular