ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն իր ագրեսիվ քայլերը կակտիվացներ՝ անկախ ռուս-ուկրաինական պատերազմից. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ կառավարությունը Կիևի մարզից զորքերը դուրս բերելու որոշում է կայացրել՝ բանակցությունների համար մթնոլորտը բարելավելու նպատակով։ Համապատասխան հայտարարությունը նախօրեին արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել ռուսական զորքերը դուրս բերել Կիևի մարզից։

1or.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք Մոսկվայի այս ժեստից կարելի է սպասել, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը մոտ է.

«Ռուսական զորքերը Կիևից ետ քաշելն ուղղակի նշանակում է, որ կայծակնային պատերազմի Ռուսաստանի նախնական պլանը չհաջողվեց և նրանք պատրաստվում են շատ ավելի երկարատև հակամարտության, որը կարող է ձգձգվել ամիսներ: Ինչպես դա կազդի մեր իրավիճակի վրա, չեմ կարող ասել, որովհետև չեմ կարծում, թե այդտեղ ուղղակի կապ կա: Ադրբեջանն իր ագրեսիվ քայլերը կակտիվացներ՝ անկախ նրանից՝ ռուս-ուկրաինական պատերազմը կլիներ, թե ոչ: Դեռևս անցած տարի Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք, Արցախում ճնշումներ գործադրելու փորձեր արեց, և ես չեմ կարծում, թե ռուս-ուկրաինական պատերազմը չլիներ, Ադրբեջանն ագրեսիվ վարք չէր դրսևորելու»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը զգուշացրել է, որ ժամանակակից աշխարհում մեծ տերությունների միջև զգալի միջազգային կոնֆլիկտի հավանականությունը մեծանում է, ոչ թե նվազում.

«Ես կարծում եմ, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը չափվելու է տարիներով։ Չգիտեմ՝ կարելի՞ է խոսել մեկ տասնամյակի մասին, բայց մի քանի տարվա մասին կարելի է խոսել, դա հաստատ է: Կարծում եմ, որ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Ուկրաինան և բոլոր դաշնակիցներն ու գործընկերները երկար ժամանակ ներքաշված կլինեն դրանում»,- ասել է գեներալ Մարկ Միլին:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular