ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության պայմանագիրն ԱԳ նախարարաների հանձնարարականներով մտնում է կիրառական փուլ. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելում հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Արդյոք սա նշանակում է ընդունել Ադրբեջանի առաջարկած 5 կետերի սկզբունքը և Արցախի անվտանգային հարցը, ինչպես պնդում են որոշ քաղաքագետներ, դուրս թողնել բանակցային գործընթացից, 1or.am-ը փորձել է պարզել քաղաքագետ Աղասի Մարգարյանի հետ զրույցում.

«Նախ, այդ երկու հարցերն իրար կապելն այնքան էլ ճիշտ չէ: Ես հասկանում եմ, որ մեր լրատվաքաղաքական դաշտում փորձ է արվում այդ երկու բոլորովին այլ հարթությունների վրա գտնվող և տարբեր սկզբունքներ ունեցող հիմնախնդիրները փոխկապակցել միմյանց: Ինչ վերաբերում է հինգ կետերին, դրանց հայկական կողմը պատասխանել է, և հրապարակային հայտարարվել է, որ կետերի սկզբունքների ընդունելիության շուրջ առարկություններ չունի և դրանք ընդունելի են որպես բանակցային հիմք»:

Քաղաքագետի պնդմամբ`այստեղ սկզբունքներն ընդունվում են որպես հիմք բանակցություններ սկսելու համար, և քննարկումների ընթացքում դրանք կարող են փոփոխվել, անբեկանելի չեն:

«Հայկական կողմը բազմիցս թե՛ վարչապետի, թե՛ արտգործնախարարի մակարդակով հրապարակավ հայտարարել է, որ արդեն խաղաղության պայմանագրի և ընդհանրապես խաղաղության ուղիով է շարժվում: Ի դեպ, այդ տեսանկյունից նաև ադրբեջանական կողմն է, համենայն դեպս, հրապարակային, հայտարարել խաղաղության պատրաստ լինելու մասին: Խաղաղության պայմանագիրը հրապարակայնորեն հայտարարված և կողմերի կողմից ընդունելի վերացական գաղափար է եղել և հիմա այդ գաղափարը, ԱԳ նախարարաների հանձնարարականներով մտնում է կիրառական փուլ: Այստեղ Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու թեմատիկան բոլորովին այլ տիրույթում է. հարցը երկու պետությունների միջև պայմանագրի մասին է: Ճիշտ է, ադրբեջանական կողմը կտրուկ ժխտում է, ասում է հարցը լուծել ենք, բայց Մինսկի խմբի համանախագահ երկրները պատերազմից հետո մինչ օրս հնչեցրած իրենց հայտարարություններում նշում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կա: Ե՛վ ռուսական կողմն է բազմիցս նշել Լավրովի մակարդակով, և՛ Ամերիկյան, և՛ Ֆրանսիական, և այսօր համաշխարհային իրադրության և ուկրաինական ճգնաժամի պատճառով գուցե շատ արդյունավետ չէ Մինսկի խմբի գործունեությունը, բայց այն խմբի տիրույթում է, և կարծում եմ՝ այդ երկուսն արհեստականորեն պետք չէ կապել միմյանց: Իհարկե, հիմախնդիրը կա, ծանր է, լուրջ է՝ մանավանդ պատերազմից հետո, բայց խաղաղության պայմանագիրը երկուսի միջև չեմ կարծում, թե նպատակահարմար է այդ կերպ մեկնաբանել»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular