ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ պատգամավորի՝ էլեկտրական ջերմաչափերի գործարան ձեռք բերելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մամուլում վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը Չինաստանում էլեկտրական ջերմաչափերի գործարան է գնել, և հենց դրանով է բացատրվում ԱԺ կողմից «Սնդիկի մասին» օրինագծի ընդունումը, որով Հայաստանում արգելվեցին սնդիկ պարունակող ապրանքների ներկրումն ու վաճառքը: Նշվում է, որ այդ քայլով իշխանությունները Հայաստանում նպաստավոր, մոնոպոլ պայմաններ են ստեղծել Սուքիասյանների բիզնեսի համար, որպեսզի էլեկտրական ջերմաչափերը Հայաստանում ավելի մեծ թափով վաճառվեն՝ սնդիկով ջերմաչափերի բացակայության պայմաններում։

1or.am-ը զրուցել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի հետ՝ ստուգելու շրջանառվող լուրերի հավաստիությունը: Վերջինիս պնդմամբ՝ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը.

«Դուք կարծում եք, որ ես ամեն ցնդաբանություն պետք է մեկնաբանե՞մ: Անհարմար է մամուլ անվանել մի բան, որը չգիտեմ՝ ինչով է զբաղված: Իսկ այդ անանուն աղբյուրները, որոնց հղում են անում, իրենց ուղեղների մեջ հիվանդագին պրոցեսների արդյունքում «իրենց արևին» հորինված հումորներ են»,- ասաց Մկրտչյանը:

Հավելենք, որ սնդիկի արգելքը իշխանությունները բացատրում են սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիային միանալով: Կոնվենցիան սահմանափակում է սնդիկի օգտագործումը՝ բնակչության շրջանում ծանր թունավորումներից խուսափելու համար:

Լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականից մինչ այժմ արձանագրվել է սնդիկից թունավորման 22 դեպք»։ Այսինքն՝ 7 տարվա ընթացքում Հայաստանում սնդիկից թունավորման ընդամենը 22 դեպք է արձանագրվել, ընդ որում, հայտնի չէ, թե այդ 22 դեպքից քանի՞սն են ջերմաչափերի պատճառով։

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular