ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարնանացանի աշխատանքները ձախողված են. Հայաստանում հացահատիկի սերմնացուի եւ պարարտանյութի պակաս կա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հացահատիկի սերմնացուի եւ պարարտանյութի պակաս կա։ Շիրակցի Արիստակես Հունոյանը մեկն է այն հազարավոր տնտեսվարողներից, որոնք կանգնել են փաստի առաջ. հողերը վարել են, բայց սերմնացու եւ պարարտանյութ չունեն։

«Պարարտանյութը պետք է արդեն առած լինեինք, որ մի քանի օրից ցանեինք, բայց որ մատակարարին զանգում ենք, ասում են՝ չունենք, չգիտենք՝ երբ կունենանք։ Իմ հողատարածքի համար 50 տոննա պարարտանյութ է պետք, բայց չկա, որ առնեմ։ Հիմա ինձ պարարտանյութ է պետք, ինչ գնով էլ բերեն՝ առնելու եմ։ Կարծում եմ՝ պարարտանյութի դեֆիցիտը արհեստական է, որ վերջին պահին բերեն, ինչ գին ուզեն՝ տանք։ Իսկ եթե առանց պարարտանյութ ցանենք, հետո մարդիկ գնան խանութից կարտոֆիլ առնեն, ասելու են՝ թանկ է։ Բերքն ինչքան քիչ եղավ, այնքան թանկ է վաճառվելու։ Այսինքն՝ եթե ես թանկ առնեմ պարարտանյութը, բերքը թանկ եմ ծախելու, քիչ բերք ունեցա, էլի թանկ եմ ծախելու եւ վերջում տուժողները լինելու են քաղաքացիները»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազատան համայնքի բնակիչը։

Խոշոր տնտեսվարողն ասում է՝ սովորաբար փետրվարին պարարտանյութն արդեն առած էին լինում. նախորդ տարիներին նման խնդիրների չեն բախվել։

Կառավարության որոշմամբ, նախատեսվում էր փոքր` մինչեւ 3 հա հողատարածք մշակող տնտեսությունների համար սուբսիդավորել պարարտանյութի գնի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը։

Գյուղատնտեսության հարցերով փորձագետ Հարություն Մնացականյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի նախորդ տարիների համեմատ բավականաչափ կրճատվել են գարնանացանի աշխատանքները։

«Պատճառները մի քանիսն են, օրինակ՝ սերմացու, պարարտանյութ չկա, դիզելային վառելիքի գինն է բարձրացել։ Գազը թանկացել է, դրա համար էլ պարարտանյութի գինն է բարձրացել։ Վրացական պարարտանյութը վաճառվում է 22 հազար դրամով, անցած տարվա 6000–7000–ի փոխարեն։ Կառավարությունը այդ 22 հազարից 9000 սուբսիդավորել է։

Մատակարարողները չեն կարողանում ներկրել, որովհետեւ Ռուսաստանը մինչեւ ապրիլի 1-ը էմբարգո էր դրել պարարտանյութերի հետ կապված, բացի այդ, հիմա Լարսում 3500 մեքենա է հերթում սպասում։ Թողունակությունը օրական 60–70 մեքենա է, այսինքն՝ եթե հիմա պատվիրեն, 60 օր հետո ռուսական պարարտանյութը տեղ կհասնի։ Ցանկացած տնտեսվարող ցանկանում է շահույթ ստանալ, արհեստական դեֆիցիտ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող, ի՞նչ է շահելու տնտեսվարողը դրանից»,– նկատեց Հարություն Մնացականյանը։

Գյուղատնտեսության հարցերով փորձագետի գնահատմամբ՝ գարնանացանի աշխատանքները ձախողված են։ Նրա խոսքով՝ կառավարությունում չեն հասկանում այս ոլորտից, կամ միտումնավոր են փչացնում այն, կամ էլ երկուսը միասին։

«Այնպես չի, որ կառավարությունը չգիտեր այս խնդիրների մասին։ Վերջում որոշեցին, որ ներկրողները մարտի 11–ը ներառյալ կարող են հայտ ներկայացնել, այդ դեպքում պարարտանյութի վրա սուբսիդիա կդնեն, ընդ որում՝ մինչեւ 3 հա հող ունեցողները։ Այսինքն՝ եթե ապրիլին մեկ ուրիշ տնտեսվարող կարողանա էժան պարարտանյութ գտնել, իրենը չեն սուբսիդավորելու, թե այդ «հանճարեղ» գաղափարը կառավարության որ մի աշխատողինն է եղել՝ չգիտեմ։ Տնտեսվարող կա, որ կարող է Թուրքմենստանից պարարտանյութ բերել 14 հազար դրամով, սուբսիդավորելու դեպքում այն կարժենա 7000 դրամ, բայց քանի որ ինքը հայտ չի ներկայացրել, չի կարող օգտվել այդ հնարավորությունից, որովհետեւ ինչ–որ դեգեներատ որոշել է, որ պիտի մինչեւ մարտի 11–ը կարող են  հայտ ներկայացնել Էկոնոմիկայի նախարարություն։ Սերմի սուբսիդավորումը նույնպես կառավարությունը չարեց, կտրեց, տնտեսվարողները սպասում էին, որ սերմի սուբսիդավորում կլինի, հա ուշացրեցին, որ սուբսիդավորումը լիներ՝ նոր ներմուծեին, փետրվարի վերջից Լարսը փակվեց, Ռուսաստանը էմբարգո դրեց հացահատիկի ներմուծման վրա, հետո սպասեցինք, որ քվոտաներ տան հայկական ընկերություններին, ինչը հանգեցրեց սրան»,– ասաց գյուղատնտեսության հարցերով փորձագետը եւ հավելեց, որ նախորդ տարիներին նմանատիպ խնդիրներ չեն եղել։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ համայնքի 33 բնակավայրերը միասին 3300 տոննա ազոտական եւ մոտ 50 տոննա հանքային պարարտանյութի հայտ են ներկայացրել, բայց ընդամենը 280 տոննա ազոտական պարարտանյութ են ստացել, ինչը շատ քիչ է ցանքատարածությունների համար։

«Պետք է 300-400 տոննա հացահատիկի սերմնացու ներկրվեր, որ ժողովուրդն էլ իր ունեցածով կարողանար գարնանացան աշխատանքները ապահովել։ Սերմնացու ընդհանրապես չի եկել, ժողովուրդը մեկը մյուսից բարձր գներով ձեռք են բերել ու ցանել, մարդիկ էլ կան, որոնց դաշտերը ցանած չէ։

Հացահատիկի սերմնացուի դեֆիցիտի պատճառներից մեկն այն է, որ անցած տարի երաշտ էր։ Գյուղացիները նորմալ բերք չստացան ու հացահատիկի սերմնացու  չկարողացան ամբարել ե՛ւ աշնանացան, ե՛ւ գարնանացան։ Աշնանը մի կերպ կարողացան յոլա գնալ, ինչ–որ ծրագիր կար, բայց հիմա կառավարությունը այդ ծրագիրը չի անում, սերմնացու չկա, չեն բերում, մասնավորը նույնպես չկարողացավ բերել խցանված ճանապարհների պատճառով։ Հիմա գարնանացան հողատարածքներն անմշակ են մնալու»,– ասաց Վարդան Իկիլիկյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular