ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Հայաստանը փորձի հետ կանգնել իր սկզբունքային դիրորոշումից, գուցե Արցախը կարողանա պահել այդ նշաձողը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Արցախի կարգավիճակի շուրջ խոսակցություններն ավելի հաճախակի են դարձել: Հատկապես երեկ ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե «միջազգային հանրությունն ասում է՝ իջեցրեք Արցախի կարգավիճակի համար ձեր սահմանած նշաձողը և մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ», հանրության մեջ նոր փոխզիջումների և Արցախի՝ Ադրբեջանի կազմում  լինելու հավանականության մտավախությունները մեծացել են:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը 1or.am-ի զրուցում կարծիք հայտնեց, որ վարչապետը հայտարարությունը, ըստ էության, նորություն չէր.

«Մենք գիտենք, որ տարիներ շարունակ միջազգային հանրությունը փորձել է տարբեր կերպ լուծել խնդիրը և հաշվի չի առել կողմերի շահերը: Բնական է, որ այս պահին էլ, երբ մենք ունենք ստատուս քվոյի փոփոխություն, փաստացիորեն Ադրբեջանի առավելությամբ, միջազգային հանրության համար շատ ավելի հեշտ է ճնշում գործադրել պարտված կողմի և վրա, որը չունի այնքան ուժեղ դիրքեր, ինչպիսին հիմա ունի Ադրբեջանը: Այն ժամանակ մենք ունեինք այդպիսի դիրքեր, որոնցից չօգտվեցինք, հիմա Ադրբեջանը սովորել է մեր սխալների վրա և նույն սխալները թույլ չի տալիս: Նորմալ է, որ պահանջում են կամ փորձում են համոզել հայկական կողմին իջեցնել նշաձողը կարգավիճակի պահանջների վերաբերյալ: Այլ հարց է, որ հայկական կողմը պետք է ամեն կերպ դիմակայի դրան և որևէ կերպ չհամաձայնի այն տարբերակներին, որոնք ոտնահարում են մեր կարմիր գծերը»:

Քաղաքագետի խոսքով՝ երեկ Մարտակերտում շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարություններն այլ տրամաբանության մեջ են.

«Ակնհայտորեն Արցախի նախագահը ներկայացրել է հենց այն կարմիր գիծը, որը և՛ Արցախի, և՛ Հայաստանի համար մշտապես եղել է առաջնային՝ կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմից դուրս: Հասկանալի է, որ այդ կարգավիճակը ենթադրում է ինչպես Հայաստանի կազմում լինել, անկախ պետություն լինել, այնպես էլ լինել այլ պետության կազմում, օրինակ: Այն դեպքում, երբ Հայաստանը, միջազգային ճնշման ներքո փորձի հետ կանգնել իր սկզբունքային դիրորոշումից և իջեցնի նշաձողը, գուցե Արցախը կարողանա պահել այդ նշաձողը և կարողանա դիմակայել այդ ճնշմանը, իհարկե ոչ ինքնուրույն, այլ որևէ այլ կողմի օգնությամբ, որն այս պահին Ռուսաստանն է: Այդ դեպքում էլ, բնականաբար, այդ կողմն իր պայմաններն է թելադրելու և այս տրամաբանության մեջ էլ, ըստ հավանականության, Արցախի նախագահը նշել է, որ Արցախի՝ Հայաստանի կազմում լինելու հավանականությունը քիչ է գնահատում և նշում, որ լավ կլիներ՝ Արցախը լիներ այլ պետության՝ տվյալ դեպքում՝ Ռուսաստանի կազմում»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular