ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Էջմիածնում անփորձ վարձու մարդասպանը չի կարողացել սպանել զոհին, իրերի բերմամբ ինքնասպան է եղել

ԻՐԱՎՈՒՆՔ

Վարձու մարդասպաններ եղել են բոլոր ժամանակներում: Նրանց վախճանը միշտ էլ անփառունակ է: 1991թվականին Էջմիածնի շրջանում կատարվածը նմանատիպ դեպքերից մեկն է:

Տաշքենդ քաղաքի բնակիչ, նախկինում դատապարտված, մի քանի հանցավոր արարքների կատարման համար հետախուզման մեջ գտնվող, ազգությամբ հայ Վիկտոր Գրիգորի Տանիևը 1991 թվականի մայիսին եկել էր Երևան:

Նա շուտով կապվել է գործով չբացահայտված անձանց հետ, ովքեր պատվիրել են, որ Վիկտորը 100 հազար ռուբլի վարձատրությամբ սպանի Էջմիածնի շրջանի բնակիչ Համլետ Ե.-ին:

Վիկտորը պատվիրատուներից վերցնելով գումարի մի մասը՝ նախ սկսել է «հող նախապատրաստել»՝ պատվերը կատարելու համար: Նա Երևանի ավտոկայանում, ինչպես նաև այլ վայրերում զբաղվել է մոլախաղերով, հանդես է եկել կեղծ անուններով, շփվել է մարդկանց հետ:

Այդպես նա ծանոթացել է Արմավիրի շրջանի բնակիչներ Մանուկի ու Տիգրանի հետ: Մտերմացել են, իրար հետ ռեստորաններ ու այլ վայրեր են գնացել:

Մի օր ռեստորանում Վիկտորը Մանուկին ու Տիգրանին պատմել է սպանություն կատարելու պատվեր ունենալու մասին: Նա ընկերակիցներին առաջարկել է օգնել իրեն՝ իր ստանալիք գումարի մի մասը նրանց տալու խոստումով:

Մանուկն ու Տիգրանը համաձայնել են: Ավելին, նրանք խոստացել են, որ Վիկտորին մեքենա կտրամադրեն և կուղեկցեն զոհի գյուղ, կսպասեն՝ սպանությունից հետո նրան այդ գյուղից արագ հեռացնելու համար:

1991 թվականի հոկտեմբերի 24-ին Վիկտոր Տանիևը, վերցնելով լիցքավորված «Մակարով» ատրճանակ ու ինքնաշեն ավտոմատ, Մանուկի ու Տիգրանի հետ, վերջիններիս ծանոթ Մկրտիչի «ՎԱԶ-2103» մեքենայով մեկնել են Էջմիածնի շրջանի այն գյուղը, որտեղ ապրում էր սպանության թիրախը՝ Համլետը :

Վիկտոր Տանիևը նույնիսկ մտել է Համլետի տան բակը, բայց համոզվելով, որ տանը շատ մարդ կա, սպանությունը հետաձգել է հաջորդ օրվան:

Հաջորդ օրը, առավոտյան ժամը վեցի սահմաններում Մանուկն ու Տիգրանը Վիկտոր Տանիևին նորից հասցրել են Համլետի գյուղը, մեքենայից իջեցրել են Համլետի աշխատավայրի՝ պտղի վերամշակման արտադրամասի մերձակայքում:

Զինված Տանիևը մտել է արտադրամասի պահակատուն և տեսնելով Համլետին՝ երեք անգամ կրակել է նրա ուղղությամբ ու դիմել է փախուստի:

Համլետը ծանր վնասվածքներ է ստացել, բայց չի մահացել:

Նրան հասցրել են տեղափոխել հիվանդանոց ու բժշկական օգնություն ցուցաբերել:

Միաժամանակ, կրակոցների ձայնից հավաքված տղամարդիկ սկսել են հետապնդել փախչող Տանիևին: Փախչելու ընթացքում Տանիևը մի քանի կրակոց էլ է արձակել հետապնդողների ուղղությամբ, վիրավորել է նրանցից մեկին՝ Սամվելին:

Պայմանավորվածության համաձայն՝ գյուղից դուրս մեքենայով Վիկտոր Տանիևին սպասող Մանուկն ու Տիգրանը մոտեցրել են մեքենան, որ Վիկտորը կարողանա նստել, ու դիմեն փախուստի: Բայց հեռվից տեսնելով, որ գյուղացիները աղմուկով հետապնդում են Տանիևին, Մանուկն ու Տիգրանը մեքենան քշել-փախել են առանց նրա:

Վիկտոր Տանիևը, տեսնելով, որ գյուղացիները շրջապատում են իրեն, փախչել չի կարողանա, «ընկերներն» էլ հեռացել են,  ատրճանակով կրակել է իր քունքին ու ինքնասպան է եղել...

1993 թվականի փետրվարի 17-ին ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան 1961 թվականին ծնված Մանուկ Մ.-ին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության փորձին օժանդակելու համար՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 17-15-99 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 8 տարի ազատազրկման: Իսկ Մանուկի ընկեր ու հանցակից Տիգրանը հասցրել էր ճողոպրել, նրա նկատմամբ հայտարարված էր  հետախուզում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular