ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայացք Երևանից. Փաշինյանը Մոսկվա է մեկնում Ղարաբաղով, ընդդիմությունը փաստաթղթի է սպասում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ Հայաստանի վարչապետն այս շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ենթադրելով, որ առաջարկվելու է Փաշինյանի Մոսկվա այցի ընթացքում փաստաթուղթ ստորագրել հայտարարել է ապրիլի 17-ից Երևանի կենտրոնում անժամկետ ակցիաներ անցկացնելու մասին ընդդեմ Ղարաբաղի հարցում իշխանությունների քաղաքականության։ Փաստաթուղթը, Վանեցյանի նախնական տեղեկություններով, ով ինքն էլ, ըստ մամուլի հրապարակումների, վերջերս է վերադարձել Ռուսաստանից, վերաբերելու է երկկողմ հարաբերություններին։ ԱԱԾ նախկին տնօրենն այլ մանրամասներ չի հայտնել, սակայն հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում մինչ այժմ չհաստատված լուրեր են սկսել շրջանառվել, որ առաջիկայում, անվտանգության սպառնալիքի աճի պատճառով, Հայաստանի իշխանությունները կարող են որոշել միանալ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը: Այս տարվա փետրվարին ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «սկանդալային» հայտարարությանը, թե Հայաստանը «գնալու տեղ չունի», պաշտոնական Երևանն ասել է. «Մեր օրակարգում նման հարց չկա»։

Կովկասի ինստիտուտի (Երևան) տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Ղարաբաղի հարցում Երևանի վրա գործադրվող «համախմբված ճնշման» ֆոնին Հայաստանի իշխանությունները Մոսկվայի աջակցությամբ կփորձեն ինչ-որ չափով շտկել իրավիճակը։ «Բաքուն ձգտում է Երևանի հետ փաստաթղթի ստորագրմանը, որը կարող է մեկնաբանվել որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ինչը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական պետության մաս է։ Հայաստանի համար մանևրի դաշտը պատերազմում պարտվելուց հետո կտրուկ նեղացել է և շարունակում է նեղանալ Ուկրաինայում ռազմական գործողությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի անկարողության պատճառով»,- կարծիք է հայտնել հայ քաղաքագետը։

Նրա խոսքով, Հայաստանում Ղարաբաղի հետ կապված սպասելիքները գրեթե խուճապային են: «Իրավիճակը հնարավոր չէ շրջել, բայց կարելի է փորձել քիչ թե շատ ընդունելի դարձնել Ադրբեջանի հետ ապագա համաձայնագրի պայմանները։ Կարծում եմ` Փաշինյանը կփորձի դա անել Մոսկվայում կայանալիք բանակցություններում»,- նշել է Իսկանդարյանը։

Գործնականորեն համանման կարծիք է արտահայտել նաև քաղաքական քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, սակայն նա հարցին մոտեցել է այլ տեսանկյունից: «Կարծում եմ, որ Մոսկվան կփորձի սթափեցնել Հայաստանի իշխանություններին, շտկել նրանց դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, քանի որ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Երևանի նշաձողն իջեցնելու ներկայիս ընթացքը կարող է հանգեցնել նրան, որ Արցախը ընդմիշտ կմնա Ադրբեջանի կազմում։ Իսկ դա նշանակում է հայ բնակչության դուրսբերում այնտեղից, ինչը կհանգեցնի Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողությունների ավարտին։ Ընդհանրապես, այդ գործընթացն ուղղված է Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելուն այսպես կոչված «միջազգային հանրության» ճնշման ներքո, ինչպես խորհրդարանում հայտարարել է Փաշինյանը։ Արևմուտքի հետ կոշտ դիմակայության մեջ գտնվող Մոսկվան դրան չի համաձայնվի»,- վստահություն է հայտնել Հակոբյանը։

Eadaily.com-ի զրուցակիցները, սակայն, տարակարծիք են այն հարցում, թե արդյո՞ք ընդդիմությունը, որն այս օրերին Երևանի կենտրոնում սկսել է անժամկետ բողոքի ակցիաներ, կարող է ստիպել Հայաստանի իշխանություններին հրաժարվել Ղարաբաղի հարցում իրենց ներկայիս կուրսից։

Իսկանդարյանի խոսքով, Հայաստանի ընդդիմությունը դժվար թե կարողանա միջամտել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակման, ապա կնքման գործընթացին։ «Իհարկե, Հայաստանում կա ներքին դիմադրություն, բայց դրա լրջության աստիճանը դեռ չի հասել այն մակարդակին, որ վտանգ ներկայացնի իշխանությունների համար։ Այդ իսկ պատճառով իշխանությունները պատրաստ են գնալ դրան։ Եթե ​​նրանք հասկանային, որ փաստաթղթի ստորագրման ճանապարհը տանելու է իշխանության կորստի, ապա չեն գնա դրան»,- ասել է Կովկասի ինստիտուտի տնօրենը։

Հակոբյանը համաձայն չէ նրա հետ: Նրա կարծիքով Հայաստանի ընդդիմությունն ընտրել է իշխանության դեմ ապակենտրոնացված պայքարի տեխնոլոգիան, որն իր արդյունավետությունը ապացուցել է 2018 թվականի «հեղափոխական» իրադարձությունների ժամանակ, ինչի արդյունքում էլ իշխանության է եկել Փաշինյանի թիմը։ «Դա աշխատող տեխնոլոգիա է, այն հաջողությամբ կիրառվել է 2018 թվականին, սակայն տեխնոլոգիան ինքնին դեռ հաջողության երաշխիք չէ։ Այստեղ շատ բան կախված է ընդդիմության ռեսուրսներից, պատրաստված ավանգարդից, որը պետք է բողոքի կենտրոններ ստեղծի և ընդլայնի»,- ասել է Հակոբյանը,- ներկայումս տեսնում ենք առաջին գործողությունները, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում սկսեց անժամկետ ակցիա, որը որոշակի սիմվոլիկա ունի, 2018 թվականի այս օրերն էին, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իր համախոհները նույն հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում իշխանությունների դեմ, և բողոքի ակցիան ի վերջո պատեց ողջ երկիրը և հանգեցրեց իշխանափոխության»: Այս առումով, ըստ քաղտեխնոլոգի, ապակենտրոնացված փողոցային գործողությունների հաջողությունը կախված է ընդդիմության ակտիվությունից և հնարամտությունից։ «Ի վերջո, երբ մարդիկ փողոցում են, արդեն երկրորդ պլան է մղվում, թե անցած ընտրություններում քանի հոգի է նրան ձայն տվել։ Այստեղ ամեն ինչ կախված է գործողությունների ակտիվությունից, թիմի հնարամտությունից և խիզախությունից»,- եզրափակել է Հակոբյանը։

Հայաստանի ընդդիմությունը միասնական է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ցանկության մեջ, ինչի համար էլ կկազմվի ճանապարհային քարտեզ։ Այդ մասին, ինչպես հայտնում է EADaily-ն, ապրիլի 17-ի երեկոյան հայտարարել է հանրապետության գլխավոր հետախուզական ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular