Մշակույթը՝ սահմանին. «Նոյեմբերյանի դպրոցական թատերական ամենամյա փառատոնի» մեկնարկը տրված է
ՄՇԱԿՈՒՅԹԵրեկ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում տրամադրությունը թատերական էր։ Մեկնարկ տրվեց «Նոյեմբերյանի դպրոցական թատերական ամենամյա փառատոնին»` նվիրված հայոց բանակի 30 ամյակին։
Փառատոնին մասնակցում էին Նոյեմբերյան համայնքի 6 դպրոցներ՝ Նոյեմբերյանի ավագ դպրոց, տնօրեն` Սուսաննա Բուդաղյան, Նոյեմբերյանի հիմնական դպրոց, տնօրեն` Լուսինե Հովհաննիսյան, Ջուջևանի միջնակարգ դպրոց, տնօրեն` Վասիլ Չիլինգարյան, Լճկաձորի հիմնական դպրոց, տնօրեն` Մխիթար Առաքելյան, Այրումի միջնակարգ դպրոց, տնօրեն` Արմինե Հակոբյան, Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, տնօրեն` Ամալյան Ղարագյոզյան։
Փառատոնի յուրքանչյուր մասնակից ներկայացրել էր 15-30 րոպե տևողությամբ ներկայացում հետևյալ խորագրերից մեկով՝ «Իմ լավ հայրենիք, քո որդին եմ զորական» և «Մենք պիտի մերժենք կյանքը ծնկածի, պիտի նվաճենք մենք փառքի դափնին»։
«Այսօր իմ առաջին բեմելն էր, և ես հանդես էի գալիս իմ առաջին ստեղծագործությամբ, որը հայրենասեր աղջկա մասին էր, ով անսահման շատ է սիրում իր հայրենիքը։ Ես չեմ կարող նկարագրել այն բավականությունը, որ այսօր ստացա։ Երբ խառնված հագուստդ ուղղելով բեմից ընկնում ես ետնաբեմ, ու այնտեղ քեզ են սպասում ընկերներդ, երջանկություն է։ Երբ հուզվել ես, ու մայրիկի փոխարեն ուսուցիչներն են գրկում ու հիացմունքի խոսքեր ասում, երջանկություն է։
Երբ կարողանում ես արտահայտել մտքերդ ազատ, ու մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնել դեպի քո զրույցը, այ դա է երջանկությունը»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Նոյեմբերյանի ավագ դպրոցի աշակերտուհի Արաքսյա Ամիրաղյանը:
Ժյուրիի կազմում էին «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրեն Լուսինե Անտոնյանը, Նոյեմբերյանի ավագանու անդամ Անահիտ Փարսադանյանը, Նոյեմբերյան համայնքի Կողբի մշակույթի կենտրոնի տնօրեն Սասուն Մուրադյանը, «ՆԻԿԱ»-Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության ակումբի հիմնադիր-ղեկավար Արմեն Ամիրաղյանը։ Ժյուրին նախագահում էր Նոյեմբերյան համայնքի մշակույթի կենտրոնի ռեժիսոր Սամվել Բեգլարյանը։
Բոլոր խմբերի ներկայացումները դիտելուց հետո ժյուրին առանձնացավ որոշում կայացնելու։ Առավելագույն միավորներ հավաքած խումբը` Նոյեմբերյանի հիմնական դպրոցը ճանաչվեց «Նոյեմբերյանի դպրոցական թատերական ամենամյա փառատոնի» առաջին հաղթող, խմբի ղեկավար` Կարինե Պետրոսյան, երաժշտական ձևավորումը` Գոհար Մելիքյանի։ Խումբը ներկայացրեց հատված «Արա Գեղեցիկ և Շամիրամ» դիցապատմական ողբերգությունից՝ «Նուարդ, բարձր է քո հոգին ինչպես ձյունաճերմակ մի ամպ»։
«Քանի որ փառատոնը նոր է, դպրոցները թատերական ուղղվածություն չունեն, ներկայացումները հղկված չէին, դրա համար մեղմ մոտեցանք և շատ թերությունների վրա աչք փակեցինք: Բնական է, առաջին անգամն էր, երեխաներն անփորձ էին, հաջորդ տարի ամեն ինչ շատ ավելի լավ կլինի:
Մնացած դպրոցներն էլ լավ էին աշխատել, բայց Նոյեմբերյանի հիմնական դպրոցի ներկայացումը խիստ առանձնանում էր մնացածներից: Պարզ երևում էր, որ մեծ աշխատանք է տարվել. և՛ բեմական խոսքը, և՛ սցենարը, և՛ ձևավորումը կատարվել էր շատ բարձր մակարդակով: Երեխաները շատ լավ էին խաղում: Վստահորեն կարող եմ ասել, որ այս ներկայացումը, առանց որևէ լրամշակման, կարելի է ներկայացնել ավելի մեծ բեմերում»,- մեզ հետ զրույցում ասաց ժյուրիի անդամ Արմեն Ամիրաղյանը:
Մյուս խմբերն արժանացան վերը նշված անվանակարգերին՝ ըստ իրենց հավաքած միավորների։ Եվս երկու անվանակարգ տրվեց ժյուրիի կողմից՝ հանդիսատեսի համակրանք և լավագույն հայրենասիրական կոմպոզիցիա։ Բոլոր խմբերն արժանացան պատվոգրերի, իսկ գլխավոր մրցանակը` փառատոնի գավաթը տրվեց «Նոյեմբերյանի դպրոցական թատերական փառատոնի» առաջին հաղթողին։
Մասնակիցներին, խմբերի ղեկավարներին և տնօրեններին շնորհավորեց, պատվոգրերը և գլխավոր մրցանակը հանձնեց Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանը.
«Ամենամյա փառատոն անցկացնելու գաղափարը շատ վաղուց կար, այս տարի որոշեցինք անդրանիկ փառատոնն անցկացնել: Ելույթներից պարզ երևում էր, թե խմբերն ինչ ջանասիրությամբ էին պատրաստվել մրցատոնին։ Պատանի դերասանների խաղը հիացրեց թե՛ ժյուրիին, թե՛ հանդիսատեսին։ Հույս ունենք, որ մեր նպատակները՝ կապված փառատոնի հետ, իրականություն կդառնան, և այն արվեստի կամուրջ կդառնա համայնքի բոլոր բնակավայրերի միջև»,- մեզ հետ զրույցում նշեց տիկին Զուրաբյանը:
Ներկաները հրաժեշտ տվեցին միմյանց՝ հաջորդ տարի «Նոյեմբերյանի թատերական փառատոնին» կրկին հանդիպելու մեծ սպասումով։
Մարիամ Նալբանդյան